Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Ստացել ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար մանդատ»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե հաջորդիվ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, երկաթուղու և ճանապարհների գործարկման ուղղությամբ։

Փաշինյանն ասել է, թե երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պետք է այդ խոսակցությունը սկսելու համար նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել:

«2021 թվականի գարնանը, երբ սկսեցի հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, ի հայտ եկավ մի խոսակցություն և բանաձևվեց հետևյալ կերպ, որ թշնամության մթնոլորտը մեր տարածաշրջանում պիտի կառավարվի: Այս խոսույթով մենք հանդես եկանք ընտրությունների նախորդած շրջանում, և ընտրություններում այս կոնտեքստը ներկա էր: Մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Այս քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ: Մենք գնահատել ենք այդ ազդակները և ինքներս արտահայտել ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ սկսելու այդպիսի խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հայտնեց, որ Հայաստանի միջազգային մի շարք գործընկերներ հրապարակային պատարստակամություն են ցուցաբերել՝ աջակցելու այդ գործընթացին: Խոսակցություններն էլ պետք է լինեն աշխատանքային, ապա հրապարակային։

«Երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ խոսակցությունը սկսելու համար: Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային: Կարծում եմ, որ խոսակցությունը տրամաբանորեն պետք է լինի նախ աշխատանքային, ապա եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ կամ կա դրա անհրաժեշտությունը, պիտի լինեն կամ կարող են լինել նաև հրապարակային: Այս պահի դրությամբ մենք գործում ենք այն շրջանակներում, ինչ հայտարարել ենք և պատրաստվում ենք այդ ուղղությամբ առաջ գնալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ մեկնում է Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը, և այդ թեմային անդրադարձ պիտի կատարի նաև այդ ֆորմատում։

«Ըստ էության, ասելիքը պիտի տեղավորվի այն շրջանակում, ինչն արդեն հասցրել եմ ասել հենց այս ամբիոնից», — եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ