Քայլելը 50-70 տոկոսով նվազեցնում է մահվան վտանգը

Հանրաճանաչ տեսությունն «ասում» է, որ առողջ լինելու համար հարկավոր է ամեն օր կատարել 10 հազար քայլ: Մասաչուսեթսի համալսարանից Ամանդա Պալուչի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ որոշել են պարզել՝ արդյոք քայլելն ունի՞ բուժիչ ուժ, և իրականում քանի՞ քայլ է անհրաժեշտ կատարել:

Ուսումնասիրությունը, որն անցկացրել են գիտնականները, տևել է գրեթե 11 տարի, դրան մասնակցել է 2110 մարդ, նրանց միջին տարիքը եղել է 45: Ֆիզիկական ակտիվության ցուցանիշներին հետևելու համար փորձի սկզբում բժիշկները կամավորներին հանձնել են տեղաշարժի հատուկ տվիչներ, որոնք անհրաժեշտ էր կրել արթուն ժամանակ: Դիտարկման ժամանակահատվածում խմբում մահացել է 72 մասնակից:

«Մենք չենք առաջնորդվել ավանդական 10 հազար քայլերով, այլ հիմքում ունեցել ենք մի շարք տվյալներից, որոնք մենք ինքներս ենք ստացել, – բացատրում է Ամանդա Պալուչը: – Մոնիթորինգի արդյունքների հիման վրա մեր մասնակիցները բաժանվեցին երեք խոշոր խմբերի՝ ցածր ֆիզիկական ակտիվությամբ (օրական 7 000 քայլից պակաս), չափավոր ակտիվությամբ (օրական 7 000 -ից մինչև 10 000 քայլ) և բարձր ակտիվությամբ (ավելի քան 10 000 քայլ):

Պարզվել է, որ ուղիղ 7000 քայլը շեմի կարևոր ցուցանիշ է: Նրանց համար, ովքեր օրական քայլում էին առնվազն 7000 քայլ, վաղաժամ մահվան ռիսկը նվազել էր 50-70 տոկոսով՝ համեմատած նրանց հետ, ովքեր չէին կարողանում հաղթահարել այդ շեմը: Այս խմբերի միջև եղած տարբերությունը ցնցող էր: Ցածր և միջին ակտիվությամբ խմբում կար մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս, առողջության ցածր ինքնագնահատական, նրանք ավելի հաճախ էին տառապում հիպերտոնիայով և շաքարախտով:

Միջին խմբում (7 -ից 10 հազար քայլ) քայլելու «բուժական» ազդեցությունն աստիճանաբար մարում էր: Եվ չափազանց ինտենսիվ քայլելը (10 000 քայլերի բաղձալի ցուցանիշից ավելի) ընդհանրապես մահացության ռիսկի հետագա նվազեցում չտվեց:

«Մենք կարծում ենք, որ օրական 7000 քայլը հիանալի նպատակ է, որը զգալիորեն նվազեցնում է վաղաժամ մահանալու վտանգը», – ասում է Ամանդա Պալուչը:

Գիտնականների մեկ այլ կարևոր դիտարկումն այն է, որ քայլելու արագությունը չի նվազեցնում վաղ մահվան վտանգը: Հետևաբար, քայլելիս պետք չէ բարձր տեմպ պահել: Կարող եք պտտվել, նայել շուրջը և վայելել բնության գեղեցկությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ