«Էրիկիս մարմինը դեկտեմբեր 8-ից Եղեգնաձորի դիահերձարանում է եղել․ 10 ամիս ման եմ եկել»․ զոհվածի հայր

«Էրիկիս զորացրվելուն 100 օր էր մնացել՝ կռիվը սկսվեց…»,- «168»-ի հետ զրույցում պատմել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 20-ամյա Էրիկ Գևորգյանի հայրը՝ Կարեն Գևորգյանը։

Էրիկն Արմավիրի մարզի Փարաքար համայնքից էր, ընտանիքի միակ որդին։ Ծառայության էր մեկնել 2019 հունվարին, 6 ամիս Հայաստանի ուսումնական զորամասերից մեկում ծառայելուց հետո տեղափոխվել էր Արցախ՝ Հադրութ։
«Շատ գոհ էր ծառայությունից, շատ լավ էր տրամադրված, ամեն ինչից գոհ էր, երբեք չի դժգոհել․․․ Տղես «ԲՄՊ»-ի վարորդ-մեխանիկ էր։ Ինքը կյանքով լեցուն, կենսախինդ մարդ էր․․․»,- պատմել է Էրիկի հայրը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին Էրիկը ծնողներին հանգստացրել էր, թե ամեն ինչ լավ է լինելու, անհանգստանալու կարիք չկա, սակայն պատերազմը սկսվելուց մոտ 2 շաբաթ անց Էրիկի և նրա ծնողների միջև կապը կորել է։

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը կապ է եղել, այդ ընթացքում ոչ մի բան չէր ասում, միայն՝ ամեն ինչ լավ է, կռիվը մի 2 օր կտևի, կվերջանա․․․ Վերջին անգամ իր մամայի հետ է խոսել՝ հոկտեմբերի 14-ին, ասել է՝ մեզ Հադրութից տեղափոխում են Մարտունի, կհասնեմ տեղ, կզանգեմ, ու էլ կապ չի եղել․․․»,- վերհիշել է Էրիկի հայրը, ապա հավելել, որ դեպքից ամիսներ անց է պարզել, որ որդին զոհվել է Հադրութից դեպի Մարտունի գնացող ճանապարհին․ «Տեղափոխելու ժամանակ իրենց մեքենային են խփել: Մեքենայում 19 հոգի են եղել, նրանցից 1-ը տեղում զոհվել է, 12 զինվոր վիրավորվել են, 6 հոգի էլ կանտուզիա տարած՝ մեքենայից իջել են, որոնցից մեկն էլ Էրիկս է եղել։ Այդ 6 զինվորներից 2-ն իրար հետ են եղել, 3-ը՝ իրար հետ, մեկն էլ առանձին է եղել․․․ կանտուզիա տարած մարդը չի հասկանում՝ ինչ է անում, ուր է գնում․ կորել են։ Ֆիզուլիի տարածքից հետ են գնացել, մոտ 25 կիլոմետր ոտքով գնացել են, հասել Հադրութի տարածք․․․ Հադրութի Այգեստան գյուղից են գտել երեխուն, իրա ընկերոջ հետ հենց Այգեստան գյուղից գտել են»։

Էրիկի մարմինը 2020 թվականի դեկտեմբերից Հայաստանի դիահերձարաններից մեկում է եղել, սակայն զոհված զինծառայողի հայրը դրա մասին չի իմացել: Ոչ մի տեղեկություն չեն ունեցել, որդուն փնտրելու համար 2020 թվականի նոյեմբերի 27-ից հայրը մեկնել է Արցախ ու մինչև 2021 թվականի փետրվարն այնտեղ է մնացել․ «Երեխուս ամբողջական մարմինը դեկտեմբերի 8-ից Եղեգնաձորի դիահերձարանում է եղել, բայց ես չեմ իմացել, նոր եմ գտել Էրիկիս մարմինը, մոտ 20 օր առաջ․․․ 10 ամիս ման եմ եկել․․․ Եղեգնաձորի դիահերձարանից տեղափոխել են Մեծամորի դիահերձարան, այնտեղից էլ արդեն բերել են Երևան՝ Հերացի։ Ամբողջական մարմինն է եղել, բայց արդեն անճանաչելի, 4 անգամ ԴՆԹ է արվել․․․․ Այնքան լավ պետություն ունենք, որ այդքան ժամանակ երեխուս մարմինը չեն տվել, մինչև հիմա երևի մոտ 200 մարմին էլ կա՝ Հերացիում, Աբովյանում, Մեծամորում, Սևանում, դա՝ միայն մարմին, բայց մասունքներ էլ կան, որ պարզված չի։ Մարդիկ կան, որ մասունքներ, մի կտոր ոսկոր են գտել, որ իրենց երեխունն է, բայց մնացածը չկա, սպասում են, որ էլի մասունքներ հաստատվեն, որ իրենց երեխեքին հուղարկավորեն»։

Էրիկ Գևորգյանը հուղարկավորվել է 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ