«Հայկը գերեվարման պահին վիրավոր չի եղել». Թշնամին մինչև օրս չի հաստատել, որ հայ ռազմագերուն պահում են Ադրբեջանում

Արցախի 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց հետո բազմաթիվ զինծառայողների, կամավորների ճակատագրեր շարունակում են անհայտ մնալ։ Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց պատերազմից 11 ամիս անց շարունակում է բռնի պահել իր երկրում, նրանց մի մասին հռչակել է «ահաբեկիչներ» և դատապարտել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներով։

Ավելին՝ Ադրբեջանում կան ռազմագերիներ, որոնց մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի հաղորդում, և նրանց հարազատները, բարեկամները թշնամու հրապարակած տեսանյութերից են տեղեկացել, որ նրանք գտնվում են թշնամու մոտ։

Ջաբրայիլում գերեվարված Հայկ Թովմասյանից մինչև օրս պաշտոնական որևէ տեղեկություն չկա, սակայն նրա հարազատները թշնամու հրապարակած տեսանյութից տեղեկացել են, որ նա գերեվարվել է, տեսանյութում երևում է, որ Հայկի աչքերը կապել ու տարել են, սակայն Ադրբեջանը մինչ այսօր չի հաստատում, որ տղան իրենց մոտ է։

Հայկի հազարատներն այս ամիսների ընթացքում դիմել են տարբեր կառույցների, «Կարմիր Խաչին», Կառավարությանը, Պաշտպանության նախարարությանը, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն՝ թեկուզ Ադրբեջանին ճնշելու միջոցով կարողանան հասնել ճշմարտության բացահայտմանը, այսինքն՝ Ադրբեջանը հաստատի, որ Հայկն իրենց մոտ է։

168.am-ի հետ զրույցում Հայկ Թովմասյանի հարազատներից մեկը, ով խնդրեց առայժմ չհրապարակել իր անունը, պատմեց, որ մինչև հոկտեմբերի 5-ը Հայկը ծառայել է Մարտունիում, իսկ դրանից հետո տարել են Ջաբրայիլ, որտեղ մինչև հոկտեմբերի 8-ի երեկոյան նա և մյուս տղաները պահում էին դիրքերը։

«Հոկտեմբերի 5-ից թշնամին ուզեցել է դիրքերը գրավի, բայց չի կարողացել, տղերքը պահել են, իսկ հոկտեմբերի 8-ին, երբ թշնամին վերադասավորում է իր ուժերը, որպեսզի նոր գրոհի անցնի, մեր տղերքին նահանջ են տալիս։ Երբ նահանջ են տալիս, դա արդեն մնում է երեխեքի վրա, այնտեղ արդեն սպաներ չեն լինում։ Հայկը և իր ընկերը վաշտի տղերքին՝ 70-ի մոտ, ասում են՝ դուք գնացեք մեքենաները, մենք ձեզ կպահենք, երկուսն էլ «պեկաիստ» են եղել։ Հենց մտնում են բոյի մեջ, վաշտի տղերքը գնում են դեպի մեքենաներ ու շարժվում են, հաջորդ օրը տեսնում են, որ ո՛չ Հայկը կա, ո՛չ ընկերը՝ Բղդոն։ Բղդոն մի կերպ Հադրութի կողմից օրեր անց դուրս է գալիս, բայց Հայկոն չի հասցնում դուրս գա։

Հայկոն դիրքավորվում է աջ թևում, թշնամին էլ այդ թևից է եկել, Բղդոն՝ ձախ, որը ազատ է եղել, նահանջի վերջում հասցրել է դուրս գա, բայց Հայկը մնացել է, հասել է հրամանատարական դիտակետ ու այդպես մնացել է այնտեղ, այն արդեն շրջապատած են եղել։ Դեկտեմբերի սկզբին ես գնացել եմ Հայկի զորամաս, զինվորներից ինձ ասացին, որ Հայկը վազել է դեպի հրամանատարական դիտակետ։ Երբ երկրորդ անգամ գնացի նույն զորամաս, տղերքն ինձ հասկացրեցին, որ Հայկոն վազել է դեպի հրամանատարական դիտակետ ու մնացել է այնտեղ։ Դեկտեմբերի 8-ին Հայկի կռված դիրքից 8 մարմին են հանել՝ բոլորն էլ Ասկերանի զինվորներն են եղել, նրանք իրենց փաստաթղթերով են եղել, այդտեղից որևէ մարմին այլևս դուրս չեն հանել»,- նշեց Հայկի բարեկամը։

Նրա խոսքով՝ հունվարի կեսերին իրենց մոտ է հայտնվել տեսանյութը, որտեղ թշնամին նկարել է Հայկին՝ աչքերը փակած, ձեռքերը կապած, առանց կոշիկների։

«Հայկը գերեվարման պահին վիրավոր չի եղել։ Փաստորեն, թշնամին այդ տեսանյութը հրապարակել էր նոյեմբերի վերջին, բայց մենք ուշադրություն չէինք դարձրել, հետո, երբ ճանաչեցինք Հայկին, արդեն սկսեցինք դիմել տարբեր կառույցների, սակայն մինչև օրս որևէ արդյունք չկա։ Կարծում եմ՝ հայկական կողմն առհասարակ չի աշխատում, արդեն պատերազմի մեկ տարին է լրանում, եթե հայկական կողմն աշխատեր ու օգտագործեր իր ունեցած ռեսուրսները և որպես պետություն՝ պահանջեր իր գերիներին, թքած չունենար մեր երեխաների վրա, գոնե մի բան կլիներ։ Պատերազմից հետո, այն ռազմագերիները, որոնք ասել են՝ «Ղարաբաղ Ադրբեջան, Ղարաբաղ Բիզիմդիր», նրանց առանձնացրել ուղարկել են, 45 հոգի, իսկ այն երեխեքը, որոնք կռվել են ու գերեվարվել են, թշնամին նրանց շարունակում է պահել ու ասում է՝ մենք նրանցից տեղյակ չենք։ «Կարմիր խաչից», Կառավարությունից ասում են, թե աշխատում են, այնքան ենք գնացել ու եկել, արդեն այդ կառույցների բնակիչ ենք դարձել, թե ինչ են անում՝ չգիտենք»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ հանդիպել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայ ռազմագերիների հետ, որոնք ասել են, որ իրենց առանձին տեղերում են պահել, ուստի մեկը մյուսին չեն կարողացել տեսնել, սակայն հատուկենտ մարդիկ են եղել, որ անուններ են լսել ու վերջ։

«Մենք չգիտեք՝ ո՞ւր կամ ո՞ւմ դիմենք, որպեսզի կարողանանք այս խնդիրը լուծենք, Ադրբեջանին պետք է ճնշեն, բայց այս մարդիկ ճնշելու որևէ լծակ չեն օգտագործում։ Հայկական կողմը կարող էր իր սահմաններից ներս խուժած թշնամու զինվորներին գերեվարեր ու մեր ռազմագերիների հետ փոխանակեր։ Եթե մեր Կառավարությունն ուզեր մի բան աներ՝ կաներ։ Հիմա Ադրբեջանը մեր ռազմագերիներին իր մոտ է պահում, որովհետև դեռ հարցեր ունի լուծելու, դրանով նա հայկական կողմին ճնշելու է ու շատ բաների է հասնելու, օրինակ, «միջանցք» ստեղծելուն, Տավուշից ինչ-որ գյուղեր վերցնելուն, Տիգրանաշենը տանելուն, թշնամին շատ հարցեր է դրանով լուծելու»,- եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ