Հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն. Փաշինյանը Վրաստան է մեկնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։ «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդրումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում», – նշել էր Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցի մասով նշեց. «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության շատ լուրջ հեռանկարներ են բացվում: Ոչ պակաս հետաքրքիր է թվում Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարը»:

Նշենք, որ կառավարության ծրագրում, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, հստակ հիշատակում կա հայ-վրացական հարաբերությունների մասով: Նշվում է, որ ՀՀ-ն կշարունակի ապահովել առանձնահատուկ եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, իսկ Թբիլիսիի հետ հաղորդակցական կապերի բարելավումը ռազմավարական նշանակություն ունի։

Հայաստանը մտադիր է նաեւ խորացնել կապերը քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, մշակութային, մարդասիրական եւ զբոսաշրջային ոլորտներում, եւ դա կենսական կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ