Քաղաքացիները ևս 3 ամիս կստանան ամսական 68.000 դրամները

Բնակարաններից զրկված շուրջ 104 000 արցախցիներ արդեն 4-րդ անգամ են օգտվում Հայաստանի բյուջեից ֆինանսավորվող սոցիալական միջոցառումից։

2020թ–ի պատերազմից տուժած արցախցիներին առ այսօր Հայաստանի բյուջեից 68 մլրդ դրամի սոցիալական աջակցություh է տրամադրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ Արցախի բյուջեի հարկային մուտքերը 90 տոկոսով նվազել են, հետևաբար, սոցիալական միջոցառումներն իրականացվում են հայաստանյան պետական բյուջեից։

«Շուրջ 104 000 շահառու արդեն 4-րդ անգամ է օգտվում միջոցառումից։ Այդ իմաստով այսօր փաստացի սոցիալական բլոկը 68 մլրդ դրամ է, բայց ընթացքում հասնելու է 80 մլրդ–ի, որովհետև մենք սկզբունք ունենք, որ վարձավճարների մատուցման միջոցառումը կգործի այնքան, մինչև մենք կապահովենք մեր հայրենակիցներին բնակարաններով»,– ասաց Գրիգորյանը։

Տարեկան 10 մլրդ դրամ ՀՀ բյուջեից կհատկացվի նաև Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունների ու իրավաբանական անձանց նյութական կորուստների փոխհատուցման համար։ Շուրջ 52 մլրդ դրամ էլ կհատկացվի արցախցիներին բնակարանով ապահովելու համար։

«Արցախի կառավարությունը նաև առանձին է սոցիալական ծրագրեր իրականացնում, իհարկե, ոչ այսքան մեծ ծավալի։ Այնուամենայնիվ, մենք և Արցախի կառավարությունը արել և անում ենք ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ հատուցված լինեն մեր հայրենակիցների սոցիալական պետքերը և կարիքները»,– ասաց Գրիգորյանը։

Կառավարության այսօրվա նիստում ևս ավելի քան 7 մլրդ դրամ հատկացվեց արցախցիներին ամսական 68 000 դրամ աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակներում։

Բանն այն է, որ աջակցության ծրագրի ժամկետը պարբերաբար թարմացվում է՝ կապված ցուցակներում անհրաժեշտ ճշգրտումների հետ։ Վերջին ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել էր 2020թ–ի դեկտեմբերի վերջին 6 ամիս ժամկետով։ Այսօր ընդունված որոշմամբ ծրագիրը երկարացվեց ևս 3 ամսով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ