Ներկայացել է զոհվածի այրի և բնակարան ստացել. զոհված պայմանագրային զինծառայողի անունը շահարկելու հանգամանքը քննում են իրավապահները

3 օր առաջ Գյումրիում բնակարանամուտ տոնեց երկու անօթևան ընտանիք: Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund, Ժոզեֆ և Ալիս Դորյաններ հիմնադրամների միջոցներով են բնակարանները գնվել: Իսկ շահառու ընտրվել են զոհված զինծառայողների ընտանիքները: Շահառուներից մեկը, որը 3 անչափահաս երեխա ունի, ներկայացել էր որպես զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի այրին: Բնակարանամուտի մասին տեսանյութերի հեռարձակումից հետո Արա Մկրտչյանի մայրը հայտարարել է, որ տվյալ ընտանիքն իր որդու հետ ոչ մի կապ չունի, և որ որդու անունը պարզապես շահարկվել է նոր բնակարան ստանալու համար: Զինծառայողի իրական ընտանիքի անդամներն ու բնակարան ստացած կինն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են եղելությունը:

Զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի մայրը՝ տիկին Մանիկը, նշում է, որ բնակարան ստացած կնոջ տան լուսանկարներում ճանաչել է որդուն ու հասկացել, որ նրա անունը խաբեությամբ շահարկվել է: Արա Մկրտչյանի կինն իրականում Աիդա Թորոսյանն է: Նրանք մեկ որդի ունեն: Տիկին Մանիկը փնտրել ու գտել է Արա Մկրտչյանի կին ներկայացած Ռեմ Պառշկովային ու փորձել պարզել, թե նա ինչ կապ ունի իր որդու հետ։

Տիկին Մանիկն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին նաև Ռեմն Պառշկովային էր հրավիրել:Վերջինս էլ հայտարարեց, որ պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանին չի ճանաչել, ոչ մի կապ նրա հետ չի ունեցել: Նշեց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել՝ իր ամուսնու անունն էլ է Արա ու նա էլ է զինծառայող:

«Իմ երեխու հոր անունն էլ է Արա, ու ինքն էլ է պատերազմի մասնակից, բայց չի զոհվել։ Ազգանունը չեմ ուզում ասել, իսկ թե ինչպես է նկարները մեր տանը հայտնվել, մենք շատ մարդկանց նկարներ են հանել, հարգանքից ելնելով մամաս ասում էր, որ տանը դնենք՝ մեր գյումրեցի հերոսներն են։ Ես Արա Մկրտչյանին չեմ ճանաչում, իրանց հետ կապ չունեմ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Ռեմ Պառշկովան։

Իսկ ինչպես է ստացվել, որ բնակարանի շահառու է դարձել որպես զոհվածի այրի: Քաղաքապետարանում նշեցին, թե ընտանիքին բարերարն ինքն է ընտրել, իսկ բարերարն իր չափորոշիչներն է ունեցել, որոնց մասին բնակարանամուտի օրը նշեցին: Շահառուները տնակներում ապրող և զոհված զինծառայողների ընտանիքներ են: Արա Մկրտչյանի մայրը հենց բարերարից է փորձել պարզել, թե ինչպես է այդ չափորոշիչներին չհամապատասխանող ու իր որդու անունը շահարկած ընտանիքն ընտրվել:

«Լավ դուք գնել եք տունը, մի հատ չհարցնեք ամուսնու մահվան վկայական, կամ այլ փաստաթղթեր։ Հարցնում եմ բարերարին, ասում է՝ առաջնորդվել է խղճով, էս դարում խղճով են առաջնորդվում։ Ես տան կռիվ չեմ անում, հավատացե՛ք, ինձ տուն պետք չէ։ Ինձ իմ զոհված տղայի անունն է մտահոգում, որ նման կերպ չփորձեն շահարկել, նման խաբեությունների մեջ չշահարկեն։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, ու պահանջելու, որ բոլորն օրենքի առաջ պատասխանատվություն կրեն, իմ տղայի անունը էսպես շահարկելու համար»,- ասել է Արա Մկրտչյանի մայրը Մանիկ Թադևոսյանը։

Արա Մկրտչյանի իրական ընտանիքը, թեև տնակում է բնակվում, բայց չի վիճարկում բնակարանային հարցը: Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված որդու՝ Արա Մկրտչյանի անունն անհարկի շահարկելու և խաբեությամբ բնակարան ստանալու դեպքով տիկին Մանիկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Ռեմ Պառշկովան արդեն հարցաքննվել է, գործը քննության փուլում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ