«Չեմ զլանա կրկնել, որ երկու ուժերը, հավասարապես, ազգային անվտանգության սպառնալիք են…».Արման Բաբաջանյան

Civic.am-ի հյուրը «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։

Բաբաջանյանի համար, ԱԺ-ում տեղի ունեցողը չափազանց կանխատեսելի էր, և այս Ազգային ժողովը, ըստ Բաբաջանյանի, աղետ է, արհավիրք մեր պետականության գլխին։

«Չեմ զլանա կրկնել, որ երկու ուժերը, հավասարապես, ազգային անվտանգության սպառնալիք են և պետք է դեռ որոշել՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցինե՞րն են ավելի մեծ սպառնալիք Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, թե՞ այս երկու ուժերը, որոնք տեղ են գտել Հայաստանի Ազգային ժողովում։ Խոսքը «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների մասին է։ Երկուսն էլ ակնհայտորեն սադրված, հրահրված, ծրագրված գործողությունների են անցել և մի նպատակ են հետապնդում՝ որպեսզի վարչապետի ներկայությունը ԱԺ-ում հետայսու, մշտապես ուղեկցվի այսպիսի միջադեպերով», — ասաց Արման Բաբաջանյանը և հավելեց, որ փողոցային ցանկացած ընդդիմության համար Ազգային ժողովը դամբարան է, գերեզման։

«Մենք մեր աչքի առաջ ունեցել ենք օրինակներ, թե ինչպես էին որոշ առանձին անհատներ, գործիչներ վերածվում «դիակների»։ Եթե դա լիներ բացառապես ներքին պատճառ՝ ես հանգիստ կլինեի, բայց, կարծում եմ, որ իրականում սա շատ ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում։ Խոսքը Ազգային ժողովի՝ միակ և բարձրագույն ներկայացուցչական մարմնի կազմալուծումն ու կազմաքանդումն է, որովհետև այս ընտրությունները հնարավորություն տվեցին վերջին պատերազմից հետո կասկածի տակ դրված Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու և պետությունը ոտքի հանելու այդ պատուհանը բացել։ Հիմա փորձում են այդ պատուհանը ոչնչացնել, չեզոքացնել, որ այդ պատուհանը չպետք է գոյություն ունենա։ Եվ որպես այդ ընտրությունների արդյունք, այս Ազգային ժողովն է այդ հնարավորությունը։ Մենք հասկանում ենք, որ այդ երկու ուժերը, առնվազն, այդ առաքելությունը առանց թաքցնելու, ամիսներ շարունակ խոսել են այդ նպատակի մասին, որ իրենք ժողովրդի ընտրության, կարծիքի հետ չեն հաշտվելու և գնալու են ամենածայրահեղ միջոցների։ Ի վերջո, մոռացե՞լ եք Վազգեն Մանուկյանի հայտարարությունները։ Այս մարդիկ, բոլորը սատարում էին Վազգեն Մանուկյանին։ Եվ հիմա այդ սպառնալիքը Ազգային ժողովում է», — ասաց Արման Բաբաջանյանը։

Անդրադառնալով իշխանության քայլերին, որոնք պետք է հետևեին այս իրավիճակում, Բաբաջանյանը նշեց, որ դեռ ապրիլի 1-ին, Ազգային ժողովում հայտարարություն է արել, որ մինչև Ազգային ժողովի լուծարումը պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի։

«Երբ մարդուն ասում ես դավաճան, ապա դրա համար պետք էր իրավաքաղաքական գնահատականով Ազգային ժողովը հայտարարություն ընդուներ, որը պետք է անպայման իրավական հետևանք ունենար, և Սեյրան Օհանյանը, որը, իմ պատկերացմամբ և համոզմամբ, դավաճան է, ինքը պետք է ամրագրված քաղաքական հայտարարությամբ իմանար, որ ինքը դավաճան է և չհավակներ այս ընտրություններին մասնակցել, և ընդհանրապես, ժողովուրդն ինքը պետք է որոշեր, թե այս ընտրություններին ով իրավունք ունի մասնակցել։ Այդ քաղաքական գնահատականով որոշ ուժերի գործունեությունը ժամանակավորապես պետք է առկախվեր և ընդհանրապես պետք է իրավունք չունենային ընտրություններին մասնակցել։ Ես հեռու եմ այն մտքից, որ դա հնարավոր է անել հիմա։ Դա պետք է աներ հեղափոխական խորհրդարանը։ Այս խորհրդարանը սպառնալիք է շատ ու շատ այլ տեսակետներից։ Պատկերացրեք այսպիսի մթնոլորտում բարեփոխումների փաթեթ բերել։ Կարող եք չէ՞ ինձ հետ համաձայնել, որ դատական համակարգը, իրավապահ համակարգը արդեն սկսել էին կենդանության նշաններ ցույց տալ։ Պետության առաջնային կարևորության հարցերի շուրջ բոլորովին նոր շունչ էր սկսել զգացվել, և այս բոլորը մի բանի համար է՝ դեմորալիզացնելու համար պետական ինստիտուտները և թույլ չտալ, որ պետությունը ոտքի կանգնի», — նշեց Արման Բաբաջանյանը։

Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած արտաքին խնդիրներին, Բաբաջանյանը նշեց, որ արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերների և դիվերսիֆիկացված քաղաքականությամբ այդ մարտահրավերները դիմագրավելու անհրաժեշտություն ունենք։

Բաբաջանյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս շատ խորքային աշխատանք պետք է տանել Ռուսաստանի հետ։

«Ռուսաստանը, այս իմաստով, անփոխարինելի գործընկեր է։ Ռուսաստանը, միջազգային հանրության տեսանկյունից իր ռազմական ներկայությունն է հաստատել Ադրբեջանում։ Արցախը, իրենք համարում են, դեռևս Ադրբեջանի տարածքում ռուսական ռազմաբազա և, ակնհայտորեն, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Արցախի կարգավիճակի հարցը այս պահին լուծվի։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե մեր շահը ո՞րն է։ Արդյոք մենք կկարողանանք Ռուսաստանի հետ այդ հարցում այնպիսի լուծումների հանգել, որ կարողանանք այդ օրակարգը սպասարկել և միաժամանակ մեր անվտանգային հարցերը լուծել՝ նույն Ռուսաստանի օգնությամբ։ Միաժամանակ պետք է շարունակենք աշխատանքը մեր արևմտյան գործընկերների հետ և հասկանալ, թե ինչու են նրանք շտապում Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում, որովհետև այսօր Հայաստանը թույլ է բանակցային սեղանի շուրջ։ Մեզ պետք է ոտքի կանգնել և Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները սկսել ոտքի կանգնած դիրքից։ Կարող է նաև պատահել իրավիճակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկեն, և մենք պետք է լուռ իրար հետ գործենք, որպեսզի կարողանանք մեր շահերը առաջ տանել», — ասաց Բաբաջանյանը։

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ ԱԺ-ում սահմանափակումներին և լրագրողների համար նախատեսված օթյակից վերջիններիս հանելուն, Բաբաջանյանն ասաց, որ այդ կարգավորումները պետք է հստակ աշխատակարգային և փաստաթղթավորված լինեն։

«Կարծում եմ՝ Ազգային ժողովի ղեկավարությունը պետք է վերատեսության ենթարկի իր այդ որոշումները։ Այն լրատվամիջոցը, որի ղեկավարումը ես կրկին իրականացնում եմ, նույնպես խնդիրներ ունի, բայց միևնույնն է, կարծում եմ, որ իշխանություններն ունեն այդ կամքը՝ թույլ տալու լրատվամիջոցներին ամբողջությամբ ներկայացնել ողջ պատկերը։ Որպես նախկին պատգամավոր, ճիշտն ասած, անընդունելի էր ինձ համար, որ իմ աշխատանքի ընթացքում ամեն վայրկյան լրագրողներն իրավունք ունեին իմ աշխատասենյակի դուռը բացել և աշխատանքային խորհրդակցության ժամանակ այն ընդհատել և, օրինակ, հարցազրույց խնդրել։ Հույս ունեմ, որ այդ հարցերը կկարգավորվեն և որևէ կերպ մեր երկրի միջազգային հեղինակությանը և ժողովրդավարական գործընթացներին որևէ կերպ դա չի առնչվի, և այդտեղ մենք խնդիր չենք ունենա», — եզրափակեց Արման Բաբաջանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ