Կոտայքի մարզում 22-ամյա երիտասարդը կոտրել է հարևանի քիթը՝ գարեջրի տարան իր տան պարսպի մոտ նետելու համար

Կոտայքի մարզում 22-ամյա երիտասարդը կոտրել է հարևանի քիթը՝ գարեջրի տարան իր տան պարսպի մոտ նետելու համար։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 23։00-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը և հարևանը սկսել են վիճաբանել նախկինում հարեւանի կողմից գարեջրի տարան երիտասարդի տան դարպասների մոտ նետելու հարցի շուրջ։

Վիճաբանության ընթացքում երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել հարևանի դեմքի շրջանին, որից հետո, գետնից վերցրած քարով, մոտ տարածությունից նետել է վերջինիս ճակատին՝ այդ կերպ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ գլխի ճակատային և քթի մեջքի շրջանների պատռված վերքերի, ձախ ակնակապիճի շրջանի նենթամաշկային արյունահավքի, ճակատային ծոցի հետին պատի գծային կոտրվածքի, երկկողմանի քթոսկրի, քթի միջնապատի ոսկրային հատվածի բազմաբեկոր կոտրվածքների, ինտրաօրբիտալ էնֆիզեմայի, պնևմոցեֆալիայի ձևով:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ։ Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել դատարան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ