Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինը շուտով խնամակալ ընտանիք կունենա

Արդեն 11 օրական փոքրիկը դարձել է մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի հարազատը: Ամեն հերթափոխի բժիշկ, թե բուժքույր հերթով մայրական ջերմությամբ կերակրում են, հոգ տանում նրա մասին։

Առողջ և օր օրի մեծացող տղան մտահոգվողների, ինչպես նաև հետաքրքրվողների պակաս չունի: Ամեն օր ու ամեն ժամի քաղաքացիներ են հիվանդանոց այցելում, անհրաժեշտ իրեր են բերում, հետն էլ նամակներ՝ փոքրիկին պահելու, մեծացնելու մեծ ցանկությամբ գրառումներով, փոխարենը իրավապահ մարմիններին կենսաբանական ծնողներին գտնել չի հաջողվում, իսկ առողջ փոքրիկն հիվանդանոցում երկար մնալ չի կարող:

Ի՞նչ է լինում նման դեպքերում, երբ ծնողները պարզապես չեն հայտնվում․ աշխատանքը շղթայական է ու համակարգված՝ մարզպետարան, քաղաքապետարան, սոցիալական միասնական կենտրոններ: Առաջնային պարտավորությունները Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի գործառույթն են: Հիվանդանոցում Հայկ, իսկ արդեն ծննդյան վկայականով՝ Արեն։ Առաջին հերթին հոգաբարձության մարմնին լիազորված է եղել լուծել տղայի անվանակոչության հարցը:

«Երեխան արդեն ունի ծննդյան վկայական, մեզ էլ դիմել են երկու ընտանիք, ուսումնասիրել ենք, հարցազրույցներ անցկացրել ընտանիքի անդամների հետ, կազմել բոլոր փաստաթղթերը և առաջիկա 2 օրերի ընթացքում երեխային կհանձնենք խնամակալության»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ