Գլխավոր դատախազի տեղակալների գույքն ու ընտանիքների անհասկանալի կարողությունը

Գլխավոր դատախազության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, չնայած երկար տարիներ զբաղեցրել են պետական պաշտոններ, սակայն պատկառելի ունեցվածքի են տիրապետում։ Նրանց ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտում նրանց ու վերջիններիս ընտանիքների անդամների ունեցվածքի շարժի վերաբերյալ։

Հայկ Ասլանյան

Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանի ընտանիքի անդամների անունով անշարժ գույքը տարեցտարի ավելանում է։ Դա են վկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերը։

Հայկ Ասլանյանն այս պաշտոնին է նշանակվել 2016 թվականին։ Մինչ այդ` սկսած 1994 թվականից, Ասլանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ դատախազությունում, եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, Երևանի կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ և այլն։

2012-ին, ստանձնելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնը,Ասլանյանը հայտարարագրել էր 2 բնակարան, 1 Toyota RAV 4 մակնիշի ավտոմեքենա, 200 հազար դրամ և 59,000 դոլար կանխիկ գումար և 3 մլն դրամ աշխատավարձ։

2016 թվականին, երբ Ասլանյանը նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, Էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրում ներկայացրել էր մեկ բնակարան, մեկ առանձնատուն, մեկ VOLKSWAGEN մակնիշի մեքենա, 3 մլն դրամ, 17,000 դոլար կանխիկ գումար, 12․4 մլն դրամ աշխատավարձ և 29,600 դրամ արժողությամբ բաժնեմաս։

2020 թվականի տարեկան հայտարարագրում Ասլանյանի տիրապետած անշարժ գույքը և դրամական միջոցներն էական փոփոխությունների չեն ենթարկել։ Կրկին մեկ տուն, մեկ բնակարան, 3․7 մլն դրամ, 4500 դոլար կանխիկ գումար, ինչպես նաև 13 մլն դրամ աշխատավարձ և «Հայէկոնոմբանկի» 0․00019% բաժնեմաս։

Ասլանյանի կինը՝ Մարինա Թաթոյանը, 2012 թվականին հայտարարագրել էր 4 մլն դրամ, 65,000 դոլար, 45,000 եվրո կանխիկ գումար և 2․1 մլն դրամ աշխատավարձ։

Թաթոյանի տիրապետած դրամական միջոցները բավականին ուշագրավ են, քանի որ վերջինս հանդիսանում էր Երևանի պետական բժշկական համալսարանի հյուսվածքաբանության ամբիոնի գիտաշխատող և, ինչպես նշեցինք, նրա աշխատավարձը տարեկան ընդամենը 2․1 մլն դրամ էր։

Հաջորդ տարի՝ 2013-ին, Մարինա Թաթոյանն անշարժ գույքի հետ կապված չորս գործարք է կատարել, որոնցից մեկը եղել է 10 մլն դրամով անշարժ գույքի օտարում, մյուսը՝ ժառանգության կարգով ստացած գույք, որը եղել 5 մլն դրամ արժողությամբ բնամթերք։ Մյուս երկու գործարքների վերաբերյալ տեղեկությունը պաշտպանված է և հնարավոր չէ տեսնել։ Որպես դրամական միջոց՝ Թաթոյանը հայտարարագրել էր 11 մլն դրամ, 57,000 դոլար և 43,000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև 2․6 մլն դրամ աշխատավարձ։

Արդեն 2016 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մարինա Թաթոյանը վաճառել է երկու միավոր անշարժ գույք, որոնցից մեկն օտարվել է 25 մլն Ադրամով, իսկ մյուսը օտարվել է, հավանաբար, նվիրատվության կարգով, քանի որ հայտարարագրում գումարը նշված չէ։ Փոխարենը Թաթոյանը որպես նվիրատվություն ստացել է 1․5 մլն դրամ արժողությամբ հասարակական նշանակության շինություն։ Նույն տարում Թաթոյանը հանձնել է 10,000 դոլար արժողությամբ փոխառություն (ավանդ), ինչպես նաև հայտարարագրել է 7․5 մլն դրամ և 51,000 դոլար կանխիկ գումար և ստացել մոտ 5․6 մլն դրամ աշխատավարձ։

2020 թվականին Թաթոյանը հայտարարագրել է 3 միավոր անշարժ գույք, որոնց նկատմամբ ունի բաժնային սեփականության իրավունք, սակայն հայտնի չէ դրանք ձեռք բերելու ամսաթիվը։ Թաթոյանը ներկայացրել է նաև 10,000 դոլարի ավանդ, 11․7 մլն դրամ և 7000 դոլար կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանից ստացած 2․6 մլն դրամ աշխատավարձը։

Հայկ Ասլանյանի որդին՝ Ջիվան Ասլանյանը, իր ներկայացրած առաջին հայտարարագրում ՝ 2017 թվականին, նշել էր ընդամենը երկու փոխառության վերաբերյալ տեղեկություն։

Արդեն 2019 թվականին 19-ամյա Ջիվան Ասլանյանը հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք՝ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող մեկ անհատական բնակելի տուն, ժառանգության կարգով ստացած մեկ բնակարան, ինչպես նաև նվիրատվություն ստացած մեկ ավտոտնակ և մեկ բնակարան։ Այդ տարի վերջինս վերցրել է իր անունով բանկում ներդրված երկու փոխառությունները՝ ընդհանուր 20,000 դոլար արժողությամբ։ Արդյունքում Ջիվան Ասլանյանը տարվա ավարտին ունեցել է 7000 դոլար և 4․5 մլն դրամ կանխիկ գումար։

2020 թվականին Ջիվան Ասլանյանի և քրոջ՝ Անահիտ Ասլանյանի միջև տեղի է ունեցել երկու նվիրատվության գործարք։ 25-ամյա Անահիտ Ասլանյանը եղբորն է նվիրել 90 մլն դրամ արժողությամբ մեկ բնակելի տուն, փոխարենը եղբորից որպես նվիրատվություն ստացել է բնակարան, որի արժեքը նշված չէ։ Ջիվան Ասլանյանը հայտարարագրել է նաև 4․3 մլն դրամ և 7500 դոլար կանխիկ գումար։

Հաշվի առնելով այն փաստը, որ Ջիվան Ասլանյանն իր եկամուտների մասին ոչինչ չի նշել՝ ստացվում է, որ վերջինս որևէ տեղ չի աշխատում։ Միայն այս տարվա հունվարին Ասլանյանը դարձել է «Բայզոն․ամ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր, այդ մասին տեղեկանում ենք կազմակերպությունների էլեկտրոնային ռեգիստրից։ Ընկերությունը զբաղվում է ապրանքների օնլայն վաճառքով։ Ընկերության մյուս 50 տոկոսի բաժնետերը «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանն է։

Բավական տարօրինակ է նաև Ջիվան Ասլանյանի անունով գրանցված անշարժ գույքի քանակը։ Վերջինս չափահաս դառնալուն պես դարձել է միանգամից 4 անշարժ գույքի սեփականատեր, որոնցից երկուսը ստացել է որպես նվիրատվություն։ Նվիրատուների վերաբերյալ տեղեկատվությունը կրկին հասանելի չէ։

Ինչպես նշեցինք, 2020 թվականին Ջիվան և Անահիտ Ասլանյանների միջև տեղի է ունեցել անշարժ գույքի նվիրատվության երկու գործարք, որի արդյունքում Անահիտ Ասլանյանը եղբորն է նվիրել 90 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։

Թե որտեղի՞ց Անահիտ Ասլանյանին 90 մլն արժողությամբ առանձնատուն՝ կրկին անհայտ է, քանի որ վերջինս 2017 թվականից սկսած հայտարարագիր չի ներկայացրել՝ չնայած, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ կետի, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները ևս պարտավոր են հայտարարագիր ներկայացնել։

Հայկ Ասլանյանի ավագ դուստրը՝ Անահիտ Ասլանյանը, մինչ օրս ներկայացրել է ընդամենը մեկ հայտարարագիր ՝ 2016 թվականին։ Այդ տարի վերջինս գնել էր BMW X5 մակնիշի մեկ մեքենա 27,000 դոլար արժողությամբ, ինչպես նաև ստացել 25 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ բնամթերքի տեսքով։

Եվ կրկին անհայտ է, թե որտեղի՞ց գլխավոր դատախազի աղջկան 27,000 դոլար գումար և ո՞վ է 25 մլն դրամ նվիրատվություն կատարող անձը։

Ասլանյանների մյուս դստեր՝ Ռիմա Ասլանյանի կողմից ներկայացված 2017 և 2018 թվականների հայտարարագրերից տեսնում ենք, որ վերջինս չունի ո՛չ անշարժ գույք, ո՛չ տրանսպորտային միջոց, ո՛չ էլ դրամական միջոցներ։

Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքի մասով էլ պարբերաբար հրապարակումներ են լինում։

Օրինակ՝ օրեր առաջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Արթուր Դավթյանին պատկանող առանձնատան լուսանկարը և կարծիք հայտնել, թե առանձնատունն «ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար»։

Մինչդեռ, դեռևս 2017 թվականին, պատասխանելով Դավթյանի առանձնատան մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերին, գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ այն կառուցվել է անշարժ գույքի վաճառքի, գյուղմթերքի իրացման և վարկային միջոցների հաշվին, իսկ ըստ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հայտարարագրի՝ առանձնատունը ձեռք է բերվել է 43 մլն դրամով (մոտ 90 հազար դոլար)։

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարագրած ունեցվածքին, ապա վերջինս 2020 թվականին նշել է 2 բնակելի տուն, 3 հողամաս, 12․7 մլն դրամ կանխիկ գումար և 19․4 մլն դրամ աշխատավարձ և այլ եկամուտներ։

2013 թվականին, որպես Երևան քաղաքի դատախազ, Արթուր Դավթյանը ներկայացրել էր գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը, ըստ որի՝ վերջինս ուներ մեկ առանձնատուն, մեկ բնակարան, երեք հողամաս, 8 մլն դրամ կանխիկ գումար։ Որպես եկամուտ Դավթյանը նշել էր 8․1 մլն դրամ աշխատավարձ և 6․9 մլն դրամ գույքի վաճառքից ստացված եկամուտ։

2017 թվականին Դավթյանը 19 մլն դրամով վաճառել էր իրեն պատկանող բնակարանը, 8 մլն դրամով՝ ավտոմեքենան, ինչպես նաև վերցրել 12․5 մլն վարկ և 43 մլն դրամով կառուցել բնակելի տուն։ Հենց այս առանձնատան մասին էր գրառում կատարել Արսեն Բաբայանը։

Դավթյանի կինը՝ Անի Դավթյանը, 2020 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացրել է 5 հողամաս, որոնց նկատմամբ ունի բաժնային սեփականության իրավունք։ Պարզ չէ, թե երբ են ձեռք բերվել այս հողամասերը, քանի որ հայտարարագրում ձեռքբերման ամսաթիվը պաշտպանված է, սակայն դրանք սկսել են հայտարարագրվել 2019 թվականից։ Դավթյանի կինը ներկայացրել է նաև 3 մլն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև ԵՊՀ-ից ստացված 531 հազար դրամ աշխատավարձ։

Արթուր Դավթյանի հայրը՝ Սարգիս Դավթյանը, նախորդ տարի, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է Շիրակի մարզում գտնվող 3 հողամաս և 1 բնակելի տուն, ինչպես նաև 1 բնակելի տան նկատմամբ ունի բաժնային սեփականության իրավունք։ Վերջինս հայտարարագրել է նաև 3 մարդատար (Hyundai, GAZ և Lexus) և 1 բեռնատար (ZIL) տրանսպորտային միջոց։ Իսկ 2020 թվականին հայտարարագրել է նաև 6․3 մլն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 8․3 մլն դրամ աշխատավարձ, թոշակ և շուկայից ստացված եկամուտ։

Արթուր Դավթյանի մայրը՝ Սմելլա Դավթյանը, ամուսնու հետ համարվում է 3 հողամասի և մեկ բնակելի տան համասեփականատեր։ Վերջինս հայտարարգրել է 390 հազար դրամ թոշակ, ինչպես նաև 9000 դոլար ավանդ, որը նախորդ հայտարարագրերում չէր նշել։

Արմեն Հարությունյան

Բավական ուշագրավ է նաև գլխավոր դատախազի արդեն նախկին խորհրդական Արմեն Հարությունյանի ունեցվածքը։ Նշենք, որ վերջինս 2020 թվականի հուլիսի 10-ին ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և օրեր անց նշանակվել դատախազի խորհրդական։ Այս պաշտոնից էլ Հարությունյանը բոլորովին վերջերս է ազատվել՝ այս տարվա մարտի 23-ին։

Հարությունյանը ևս դեռևս 90-ական թվականներից աշխատում է պետական համակարգում՝ պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, դատախազությունում և քննչական ծառայությունում։

2015 թվականին, երբ Հարությունյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, ըստ ներկայացված հայտարարագրի, ուներ 9 միավոր անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 2 բնակարան, 4 հողամաս, 1 հասարակական նշանակության շինություն և 1 այլ անշարժ գույք։ Նույն տարում Հարությունյանը հայտարարագրել էր նաև 56․7 մլն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 6 մլն դրամ աշխատավարձ և 5․4 մլն դրամ վարձակալությունից ստացված վճար։

Կնոջ՝ Արուսյակ Յարմալոյանի հայտարարագրի համաձայն՝ վերջինս 2015 թվականին ստացել է միայն 630 հազար դրամ աշխատավարձ։ Հարությունյանի դուստրը՝ Լուսինե Հարությունյանը, այդ տարի ստացել է 2․4 մլն դրամ աշխատավարձ, իսկ մյուս զավակները հայտարարագիր չեն ներկայացրել։

2019 թվականին Արմեն Հարությունյանին պատկանող անշարժ գույքի քանակը մեկով ավելանում է, սակայն թե ե՞րբ է դա ձեռք բերվել և ինչ արժեքով՝ հայտնի չէ, չնայած գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկությունը Հարությունյանը պարտավոր էր արտացոլել իր նախորդ հայտարարագրերում։

2019 թվականին Հարությունյանը հայտարարագրել էր 10 միավոր անշարժ գույք՝ Երևանի կենտրոնում գտնվող 2 բնակարան, 1 ավտոտնակ, 2 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, Կոտայքի մարզում գտնվող 1 սեփական տուն և 3 հողամաս, ինչպես նաև Տավուշի մարզում գտնվող մեկ հասարակական նշանակության շինություն։

Արմեն Հարությունյանն այդ տարի հայտարարագրել էր նաև 530 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ, 47․7 մլն դրամ կանխիկ գումար, 12․5 մլն դրամ աշխատավարձ և 6․1 մլն դրամ վարձակալությունից ստացված վճար։

2020 թվականին, ըստ հայտարարագրի, Արմեն Հարությունյանը 5 մլն դրամով վաճառել է Տավուշի մարզում ունեցած հասարակական նշանակության շինությունը։ Փոխարենը բանկում բացել է 20,000 դոլար արժողությամբ ավանդային հաշիվ։

Նախորդ տարի մոտ 13 մլն դրամով նվազել է Հարությունյանի ունեցած կանխիկ դրամը՝ 47․7 մլն դրամից դառնալով 34․4 մլն դրամ։ Հարությունյանը հայտարարագրել է նաև 10,990 դոլար և 3060 եվրո կանխիկ դրամ։ Աշխատավարձից, կենսաթոշակից և վարձակալության վճարներից Հարությունյանի եկամուտը կազմել է մոտ 21 մլն դրամ։

Հարությունյանի կինը՝ Յարմալոյան Արուսյակը, 2019 թվականին հայտարարագրել էր 940 հազար դրամ աշխատավարձ։ Յարմալոյանը, ինչպես ամուսինը, 2020 թվականին 10 մլն դրամի և 200 դոլարի ավանդային հաշիվ է բացել։ Նշենք, որ մինչ այդ, բացի աշխատավարձից, Արուսյակը ոչինչ չէր հայտարարագրել։

2019 թվականին հայտարարագրել էր ներկայացրել նաև Հարությունյանի դուստրը՝ 28-ամյա Լուսինե Հարությունյանը։ Վերջինս նշել էր նախորդ տարի ձեռք բերած Toyota մակնիշի մեքենան, Պաշտպանության նախարարությունից ստացած 3․8 մլն դրամ աշխատավարձը, ինչպես նաև Ֆինանսների նախարարությունից ստացած 530 հազար դրամ այլ եկամուտը։

Հարությունյանի դուստրը նախորդ տարվա համար հայտարարագրել է նախկինում ձեռք բերած մեքենան, «ԵՊՀ շրջանավարտների միավորմանը» հանձնած 27․1 մլն դրամ փոխառությունը, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունից ստացած 3․9 մլն դրամ աշխատավարձն ու Ֆինանսների նախարարությունից ստացած 1․3 մլն դրամ եկամուտը։

Այսպիսով, փաստենք, որ դատախազության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների հայտարարագրերում ներկայացված գույքի քանակն ու դրամական միջոցները բավական տարօրինակ են՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջիններս ամբողջ կյանքում աշխատել են պետական համակարգում կամ չունեն հայտարարագրած եկամտի այլ աղբյուրներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ