Մուրճի ցուցադրումը սիմվոլ է, ամենևին էլ բռնությանը չի վերաբերում․ դատախազության ներկայացուցիչ

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ասաց․

«Ես կուզեի մի փոքր ավելի մանրամասն անդրադարձ կատարել քաղաքական ուժերի, դիմումատուները շեշտադրել են մեկ քաղաքական ուժի քարոզարշավի ընթացքում առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու վերաբերյալ փաստարկներ։ Շատ լավ հասկանալով, որ այս դատարանում քրեական հետապնդման մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափության հարց չի քննարկվում, բայց, այդուհանդերձ, կա հարցի հանրային ընկալման հետ կապված խնդիր։ Ուզում եմ մանրամասնել, որ հանրության մոտ տպավորություն չստեղծվի, որ քրեական հետապնդման մարմինները թաքնվում են իրենց իսկ կողմից կայացված որոշումների հետևում։

Իմ ելույթում նշեցի միջազգային այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել՝ գնահատելու համար, թե արտահայտված խոսքը արդյո՞ք գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տիրույթում, այն քաղաքական խո՞սք է, թե՝ ոչ և, ի վերջո, արդյո՞ք հրահրու՞մ է բռնություն, թե՝ ոչ։

Մի հանգամանքի վրա եմ դատարանի ուշադրությունն ուզում հրավիրել, դիմումատուները շռայլորեն օգտագործել են «բռնության կոչ եզրույթը։ Դատարանին ներկայացրել են հայտարարությունների հենց քրեաիրավական նշանակությունն ունենալու հանգամանքը։ Բայց չպետք է մոռանալ, որ եթե նույնիսկ Բարձր դատարանի առջև բարձրացվում է, օրինակ, հարկադրանք կիրառելու անխուսափելիության մասին հայտարարություն, ցանկացած հարկադրանք չէ, որ բռնություն է։ գոյություն ունի մի հատ պարզ բացատրություն՝ ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ։

Հետևաբար՝ եթե խոսք է հնչեցվում օրինական, իրավական հարկադրանքին մասին, էդ պարագայում խոսք չի կարող լինել բռնության մասին։ Մենք քրեաիրավական տեսանկյունից հարցին գնահատական տալիս հաշվի ենք առել կոչեր կամ արտահայտություններ արած անձանց կարգավիճակը՝ առանց բացառության քննարկման առարկա դարձված ոլոր կոչերը արվել են ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ղեկավարների կողմից։

Երկրորդ կարևոր հանգամանքը՝ հայտարարությունների համատեքստը։ Այս առումով ես կուզեի շեշտադրել այն հանգամանքը, որին դիմումատուները չեն անդրադառնում, միգուցե դիտավորյալ չեն անդրադառնում, բայց քննարկման առարկա դարձված բոլոր այդ հայտարարություններում, որոնք հնչեցվել են ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը դա սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։

Այս պայմաններում, կարծում եմ, ակներև է, որ խոսքի համատեքստը ամենևին էլ բռնությանը չի վերաբերում։ Միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին, բայց վերադառնամ իմ նախորդ մտքին, որ ցանկացած հարկադրանք  բռնություն չէ։ Հարկադրանքը կարող է լինել րավական, հարկադրանքը կարող է լինել օրինական։ Եվ եթե խոսքի գնահատման համատեքստը արդարացի գնահատման ենթարկվեր դիմումատուների կողմից, կարծում եմ՝ կարելի էր գալ այն հստակ եզրահանգմանը, որ խոսքի համատեքստը բացառապես վերաբերվել է անօրինական դրսևորումներին, կահաիրավական դրսևորումներին համարժեք իրավական գնահատական տալ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ