«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը Պուտինին հիշեցրեց ստանձնած եռակողմ պարտավորությունները

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։

Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի օր առաջ 15 գերի վերադարձավ հայրենիք, և ուզում եմ ընդգծել ձեր անձնական դերն այս հարցում և երախտագիտությունս հայտնել»,–ասաց Փաշինյանը։

Նա ասաց` հունիսի 24-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են այս հարցը և արդյունքում 15 հայ գերիներ վերադարձան հայրենիք։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներ և ևս երեք ռազմագերիներ հուլիսի 3–ին վերադարձան հայրենիք:

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման էին դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվեցին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ