Ինքնասպանության դեպքից մեկ օր առաջ պատվաստանյութի ողջ քանակը գտել են անասնաբույժի սառնարանում

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում, խոսելով Գեղարքունիքի և Շիրակի մարզի Իսահակյան համայնքում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի մասին, նշեց, որ Շիրակի մարզում պատվաստումներ ընդհանրապես չեն կատարվել։

«Շիրակում ընդհանրապես պատվաստված չէին, անասնաբույժը ստորագրել էր տվել գյուղացիներին մատյանի մեջ, որ պատվաստվել են, բայց չէր պատվաստվել։ Ողբերգական դեպքից մի օր առաջ տեսուչները իրենց տան սառնարանից գտան ամբողջ պատվաստանյութը, բոլոր դոզաները, և Շիրակի մարզի այլ անասնաբույժների միջոցով շատ արագ մեկ օրվա ընթացքում ամբողջ գլխաքանակը պատվաստվեց»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Անասնաբույժի ինքնասպանություն գործելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։

Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահները հարուցված քրգործի շրջանակում առաջ են քաշել մի քանի վարկածներ, այդ թվում՝ քննության առարկա են դարձրել այն, թե արդյոք անասնաբույժի՝ ինքնասպանություն գործելը կապ ունի՞ պատվաստումներ անելու-չանելու հետ։

Բացի այս քրգործից, հարուցվելու է նաև այլ քրգործ։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հանձնարարել է հարուցել քրգործ Քրեական օրենսգրքի 286 հոդված 1-ին մասով, այն է՝ անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ