Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել է «Վարդաշեն» ՔԿՀ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 8֊ին՝ ժամը 11:00-ին:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։

«Նրան շաբաթ օրն են տեղափոխել ՔԿՀ։ Այնպես չէ, որ ներկա պահին պարոն Չարչյանի առողջական վիճակը լավ է։ Նա ունի շաքարային դիաբետ, որը շատ բարձր մակարդակում է գտնվում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ ձեռնակրվում են համապատասխան միջոցներ Չարչյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար:

Ալեքսանյանն անդրադառնալով վկաներին և նրանց տված ցուցմունքներին, նշեց՝ խոսքը 280 վկայի մասին է.«Բայց նյութերի հետ ծանոթանալուց հետ պարզ դարձավ, որ հարցաքննվել է 60-70 վկա: Որևէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը հարկադրել է նրան մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին»: Ալեքսանյանի խոսքով՝ մեղադրանքի բնույթի ցուցմունք առկա չէ.«Բոլորը նշել են, որ ընկալել են որպես խնդրանք, հորդոր՝ քաղաքացիական պարտքի դրսևորման հարցի տեսանկյունից»:

Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ