Գարեգին Նժդեհ, իսկական անունը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։
Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։
1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։
Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին։
Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։
Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։
Պատասխան՝
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ