Վարչապետ Փաշինյանը ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որն այսօր կներկայացվի Ազգային ժողով:

Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իրականացվել են խմբագրական աշխատանքներ, առավելագույնս մշակվել են ստացված առաջարկները ծրագրի նախագծում ներառելու համար:

«Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կմշակվեն Կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո»,-ասել է փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրի նախագիծի հրապարակումից հետո եղել են որոշակի արձագանքներ, որոնք կառավարությունում աշխատանքային կարգով քննարկվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ