Թակարդ-տեսախցիկները ֆիքսել են մայր արջին ու նրա 2 քոթոթներին

Վայրի կենդանին՝ վայրի բնության մեջ․ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կարգախոսն անփոփոխ է։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Վարդան Գեղամյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկները ֆիքսել են արջերի ընտանիքի։ Մայր արջն ու երկու քոթոթները վայելում են ազատությունն ու անկաշկանդ առօրյան վայրի բնության մեջ։

Ընդգծենք, որ ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են փոքր վանդակներում, զրկված մասնագիտական խնամքից և հոգածությունից։

Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Հիմնադրամի ջանքերով ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •