«Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրով ընդամենը 7 քաղաքացու դեպքում է խոչընդոտ առաջացել ՌԴ մեկնելիս…». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա՝ փետրվարի 4-ի կառավարության հերթական նիստին անդրադարձավ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին եւ նշեց, որ այն հաջողությամբ մեկնարկել է:

«էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, եւ ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է: Կարեւոր է արձանագրել, որ նաեւ Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, եւ սա եւս կարեւոր է տնտեսության համար, քանի որ նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ ցանկացել; են գալ Հայաստան իրենց հարազատներին տեսնելու, բայց այդ հնարավորությունը չեն ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նաեւ ճանապարհ է բացում տուրիզմի համար:

Նա նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի տասնհինգից օրական չորս կանոնավոր չվերթ է լինելու:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանից արդեն 3900 մարդ է մեկնել, եւ Հայաստան է եկել 3400 մարդ. «ՀՀ քաղաքացու անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ ժամանածների թիվը՝ 1263 քաղաքացի»:

Նա նշեց, որ հավելվածը լիարժեք աշխատում է, սակայն պետք է կոնկրետ լաբորատորիաներում տեղի ունենա կորոնավիրուսի թեստի հանձնումը, որ օնլայն ռեժիմով տվյալներով մուտքագրվեն:

Ինչ վերաբերում է այդ 7 քաղաքացիներին, որոնց Մոսկվայի օդանավակայանից հետ են ուղարկել, փոխվարչապետն ասաց, որ նախնական տեղեկություններով նրանք մեկնել են թեստը հանձնելու QR կոթի թղթային տարբերակով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ավելացրեց, որ ծրագիրը երկու լաբորատորիայում սկսվեց, բայց եւս վեցը միացել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ