Կարսում ընթացող զորավարժությունները Թուրքիան ու Ադրբեջանն իրարամերժ կերպով են ներկայացնում

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Կարսում ընթացող զորավարժություններն իրարամերժ կերպով են մեկնաբանվում թուրքական և ադրբեջանական պետական քարոզչամեքնայի կողմից։
Ադրբեջանն այս զորավարժությունները փորձում է ներկայացնել թուրք-ադրբեջանական հետագա համատեղ ռազմական գործողությունների ֆոնին։

Այսինքն, ակնարկում են, որ միասին կարող են այս անգամ Հայաստանի արևմտյան սահմաններին ռազմական գործողություններ իրականացնել։ Ադրբեջանական քարոզչամեքենայից այն տպավորությունն է ստացվում, որ շուտով Թուրքիայի կողմից կլինի հարձակում ՀՀ-ի վրա, և այստեղ էլ թուրքական բանակին օգնելու է ադրբեջանական բանակը։

Բայց թուրքական պետական քարոզչությունն էլ բոլորովին այլ ուղղությամբ է տանում զորավարժությունների փաստը։ Նրանք հիմանականում պնդում են, որ սա սովորական, ամենամյա զորավարժություններ են, ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Միևնույն ժամանակ այսօր արդեն Թուրքիայի իշխանությունը հայտարարեց, որ Աղըրի, Իգդիր և Կարսի շրջանները դարձնում է տուրիստական կենտրոն, և Արարատ լեռն այլևս դարձնում են ալպինիստական կենտրոն։ Սա այդքան էլ ուշադրության արժանի չէր լինի իմ կողմից, եթե չլսեի զեկուցող նախարարի հաջորդ միտքը։

Նա ասում է, որ արդեն Արարատի շրջակայքում, և վերը նշված շրջաններում վերացել է ահաբեկիչների ներկայության ռիսկը և հնարավոր է Արարատը, որը համարում է Թուրքիայի տանիք, դարձնել ալպինիստական կենտրոն։ Միևնույն ժամանակ զեկուցող նախարարը շեշտում է, որ այս քայլով ևս մեկ անգամ բնակիչներին ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար է լինելու։

Իսկ երբ հարց հնչեց, որ այդ դեպքում անցկացվող զորավարժություններն արդյո՞ք չեն հանդիսանա պատճառ ալպինիստական կենտրոնի համար, նա պատասխանեց, որ հետագայում զորավարժությունների վայրը հնարավոր է տեղափոխել այլ վայր։
Սպասենք Ադրբեջանի արձագանքին, թե ինչ կասեն այս մասով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ