Անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել. մայրը հաբեցողությունից բուժվել չի ուզում

Տուֆաշենից նախորդ տարվա դեկտեմբերին «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» տեղափոխված 5 անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել: Երեխաների մայրը շարունակում է հրաժարվել ալկոհոլից կախվածությունը բուժելու բոլոր առաջարկներից ու տարբերակներից, իսկ հոր գտնվելու վայր դեռ հայտնի չէ:

«Ոստիկանությանը դիմել ենք, նամակ ենք գրել, մինչ այս պահը, սակայն, պատասխան չունենք, չենք կարողնում հայտնաբերել հորը»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Ավելի վաղ Տուֆաշենի համայնքապետ Արտակ Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ երեխաների հայրն ընտանիքից 4 ամիս առաջ է հեռացել, սկզբում գնացել է իր ծննդավայր՝ Սառնաղղբյուր, այնուհետ Արմավիրի մարզ: Հետո արդեն հետքը կորել է: Որևէ մեկն այս պահին տղամարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ Տուֆաշենում կիսամերկ, ծայրահեղ աղքատության և սանիտարահիգիենիկ սարսափելի պայմաններում ապրող ընտանիքի 3-ից 14 տարեկան 5 երեխաները՝ 2 տղա, 3 աղջիկ, Գյումրի էին տեղափոխվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Երեխաներն այս պահին էլ կենտրոնում են, իրենց լավ են զգում: Անհանգիստ են, սակայն, պատասանատուները: Ոչ ծնողների հարցում հաջողություններ ունեն, ոչ երեխաների ազգականների հետ զրույցներն են դեռևս դրական ելքի հանգեցրել: Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի անչափահասների ազգականները կողմնորոշվեն ու ցանկանան ստանձնել նրանց խնամքը: Ըստ Գորգինյանի, ուղղակի անթույլատրելի է, որ երեխաները ծնողներ ու ազգականներ ունենալով հանդերձ հայտնվեն մանկատանը:

«Առայժմ կտրականապես մերժումներ են, մեկ օր առաջ եմ խոսել, ասում են ոչ, չենք կարող պահել, և այլն, և այլն: Բայց դա միշտ էդպես լինում է: Առաջին անգամ մերժում են գրեթե բոլորը: Իրենց անընդհատ պետք է մշակենք, մշակենք, որ հասնենք մի կետի, երբ ասեն՝ հա կպահենք, մեր երեխեքն են: Հիմա այդ աշխատանքներն են ընթանում, ունեն բարեկամներ, այնպես չէ, որ չունեն: Բայց շատ կուզենք, որ մամային կարողանանք համոզենք, որ գնա բուժվի»,- ասաց մարզպետարանի Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը։

Մայրը երբ ցանկանա, կկարողանա Տուֆաշենից հասնել Գյումրի և տեսակցել երեխաներին: Պատասխանատու օղակը ու Տուֆաշենի համայնքապետի հետ պայմանավորվել են, որ երբ կինն ուզենա երեխաներին տեսնել, համայքնապետը նրան աջակցի:

Կենտրոնում ևս սահմանափակումներ չկան, ոչ ժամային գրաֆիկ է սահմանված, ոչ տեսակցության հատուկ օր ու այցերի թույլատրելի քանակ: Այս ընթացքում մայրը մեկ անգամ այցելել է երեխաներին, շփվել նրանց հետ ու վերադարձել տուն։

Երեխաներն արդեն դպրոց են հաճախում: Տուֆաշենից փաստաթղթերը տեղափոխվել են Գյումրի: Նրանցից երկուսն ունեն կրթության առանձնաատուկ պայմանների կարիք, ստանում են այդ ծառայությունները:

«Երեխաներն այս պահին ամեն ինչով լիարժեք բավարարված են: Իրենց հարմարավետ են զգում և առանձնացնում են, օրինակ, տարրական բաներ, որոնք նախկինում չեն ունեցել՝ տաքություն (նկատի ունի ջեռուցվող սենյակ), սնունդ և այլն: Ուղղակի հիմա մնում է բարեկամներին կարողանանք հասկացնել, որ երեխաներին պահեն»,-ասաց մարզպետարանի Ընտանիքի, կանանց եվ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը:

Ազգականների հետ քննարկվո՞ւմ է արդյոք խնամատար ծնող դառնալու հնարավորությունը ևս։ Հայկական ժամանակի այս հարցին Գորգինյանը պատասխանեց՝ իսկ ինչո՞ւ ոչ, նաև այդ տարբերակը կառաջարկեն, թող նրանցից մեկը դառնա խնամատար ծնող:

Նշենք, որ կենտրոնում երեխաները մնալու իրավունք ունեն առավելագույնը 6 ամիս: Այդ ժամանակամիջոցում պետք է կամ մայրը կամք դրսևորի և համաձակնի ու բուժվի հարբեցողությունից, կամ ազգականները որոշեն, թե ինչպես և ով է իրենցից ստանձնելու անչափահասների խնամքն ու պատասխանատվությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ