Ադրբեջանական մեդիատեռորն ու դրան դիմակայելու ուղիները

Հայ-ադրբեջանական սահմանին անդորր է, սակայն հակառակորդը մեդիատեռոր է փորձում իրականացնել: Հաճախ, ի դեպ, ակնհայտ կեղծ ու քարոզչական ադրբեջանական նյութերը հայտնվում են նաև հայկական մեդիա տիրույթում: Դրանց նկատմամբ հատկապես զգայուն են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները:

Կրակը թեժանա, քարը տաքացնի, Էլմիրայի թխած թարմ հացի բույրը կրկին Այգեպարում կտարածվի: Գյուղ հարս գալուց հետո՝ արդեն 37 տարի, ամառ թե ձմեռ նույն վայրում է՝ հայ-ադրբեջանական սահմանից 700 մետր հեռավորության վրա, իր գործին, իր տեղում:

Էլմիրա Ստեփանյան, Այգեպարի բնակիչ — Մեր տուն ու տեղը թողնենք, ո՞ւր գնանք: Գյուղը տեղն է, կրակոց չկա, շշուկ չկա, հանգիստ է այս պահին: Մենք էլ ենք ինտերնետից, հեռուստատեսությունից լսում՝ գյուղ են տալու, հող են տալու, բայց ո՞վ է տալու, ո՞ւմ են տալու, մենք դեռ այստեղ ենք:

Սահմանին կրակը դադարել է, փոխարենն է՚լ ավելի է սաստկացել տեղեկատվական տեռորը: Ադրբեջանական մեդիադաշտում հայնվում են կեղծ լուրեր ու սահուն անցնում, շրջանառվում հայկական տիրույթում: Դրանք թարգմանվում, արտատպվում են երբեմն առանց հղումների՝ հանրությանը գցելով մոլորության մեջ:

Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվության անվտանգության փորձագետ — Ինտենսիվ սկսել են կարդալ ադրբեջանական մամուլ, փորձում են գտնել ճիշտը: Ճիշտը գտնելը շատ հաճախ դժվար է, բայց անընդհատ եկող այդ տեղեկատվությունն ազդում է:

Նոյեմբերի 9-ից հետո էլ հայկական մի շարք լրատվամիջոցների վրա կիբեռհարձակումները շարունակվեցին: Ադրբեջանական թիմերն այդպիսով փորձում էին լռեցնել, իրենցով անել ամբողջ հոսքերը: Հանրությունն ընկճված է, ներքաղաքական դաշտը՝ լարված: Ադրբեջանական ներթափանցումը հայկական մեդիատիրույթ ստացվում է շատ հաճախ առանց լուրջ ջանքերի:

Սամվել Մարտիրոսյան — Ինչքան արխիվում պատերազմի օրերի տեսանյութեր կան, լցվում են ցանց, գերիների հետ կապված առանց թվերի, օրերի անընդհատ լցնում են, որովհետև գիտեն, որ այդ թեման անընդհատ հուզում է բնակչությանը:

Հիմա դրանք Հայաստան են հասնում նաև միջնորդավորված՝ հիմնականում ռուսալեզու տելեգրամ ալիքների միջոցով: Իսկ թե ովքեր են այդ էջերի խմբագիր-ադմինները, շատ հաճախ անհայտ է:

Սամվել Մարտիրոսյան — Պատերազմի թեմաները, բնականաբար, իրենք մեծ տարածում ունեն և այդ ամենն ադրբեջանական ալիքներից մտնում է միջին շերտ: Պարզ չի՝ ով է, ինչ է, մտնում է հայաստանյան դաշտ:

Ադրբեջանցիները գրում են՝ Սևանից ընդամենը մի քանի հարյուր մետր են հեռու, հայկական մեդիան տարածում է՝ հասել են Սևանի ափ: Ադրբեջանցիները դեկտեմբերի 17-ին հաղորդում են 3 նոր գերու մասին, լուրն արտատպվում է հայալեզու հարթակներում, մինչդեռ գերիները դրանից 3 օր առաջ արդեն վերադարձել էին Հայաստան: Նույն ձեռագրով շրջանառվում են Տավուշում տարածքներ զիջելու մասին լուրեր:

Արկադի Յամուկյան, Այգեպար գյուղի վարչական ղեկավար — Իրենք կանգնած էին իրենց սահմանում, մենք կանգնած էինք մեր սահմանում: Այնպես չէ, չի որ մենք հետ ենք քաշվել կամ իրենք առաջ են եկել: Մենք կանգնած ենք մեր սահմաններում:

30 տարվա սահմանն է նաև Բերքաբերում: Մեքենան ընթանում է Ջողազի ջրամբարի ուղղությամբ՝ ամենօրյա ճանապարհով:

Վահե Ալիխանյան, Բերքաբերի համայնքապետ — Ջրամբարի այս հատվածում մենք ենք ապրում, մյուս հատվածում՝ իրենք:

Ջրամբարին մոտ բերքաբերցիների այգիներն են: 2021-ի համար ծրագիր ունեն. պոմպակայան կհիմնեն, ջուրը Ջողազից գյուղի ամենաբարձր կետ կմղեն, ավելի շատ ոռոգվող հող կունենան, արքայանարնջի արտադրության ծավալներն էլ կմեծացնեն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ