Եթե պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ապա դրանք պետք է լինեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով

«Եթե Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա դրանք պետք է տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2018-ին ԸՕ բարեփոխումների մասնագիտական խմբի աշխատանքները համակարգող, ներկայումս էլ ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովում այս փոփոխությունների ուղղությամբ աշխատանքները ակտիվացել են, արագացել են։ Նախօրեին էլ քննարկումներ են եղել փոփոխությունների հետ կապված։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրապարակեց ճանապարհային քարտեզ, որտեղ առանձին կետով սահմանված էր նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումը։

«ԸՕ-ի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները ոչ այդքան կապված են պատերազմի հետ, որքան դրա արդյունքում առաջացած որոշակի հանրային դժգոհության հետ։

Որոշակի առումով հանրային պահանջ կա արտահերթ ընտրությունների։ Եվ եթե պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ապա դրանք պետք է լինեն, բնականաբար, բարեփոխված Ընտրական օրենսգրքով։ Այս առումով մենք արդեն աշխատում ենք խորհրդարանի աշխատանքային խմբի շրջանակներում։ Նախօրեին էլ աշխատանքային քննարկում եղել է։ Մենք որոշել ենք ինտենսիվացնել, արագացնել աշխատանքները։ Ես հույս ունեմ, որ այս տարի մենք կունենանք նախագիծ, որը կդրվի շրջանառության մեջ»,- ասաց Իոաննիսյանը։

Մեր հարցին՝ ինչ փոփոխություններ են լինելու, արդյո՞ք կարող ենք խոսել արմատական փոփոխությունների մասին, Իոաննիսյանը պատասխանեց. «Փոփոխությունների բովանդակության մասով առանձնապես սյուրպրիզներ չեն լինելու, քանի որ մեծ մասը հիմնված է 2018 թվականի պատրաստված հայեցակարգի և նախագծի վրա։ Որոշակի փոփոխություններ, տարբերություններ, իհարկե, լինելու են։ 2018-ին մենք չհասցրինք պատշաճ դա անել։ Դա կարվի, քարոզչության ֆինանսավորման հետ կապված հարցերն են մի քիչ հստակեցվելու։ Բայց, ընդհանուր առմամբ, մեծ սյուրպրիզներ չեն լինելու»։ Իոաննիսյանը նաև հավելեց, որ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում է աշխատանքային խմբի քննարկումներին։

Ինչ վերաբերում է կոնկրետ փոփոխություններին, ապա Իոաննիսյանն առաջարկում է ժամկետանց անձնագրեր ունեցող անձանց չներառել ընտրողների ցուցակում, ներառել միայն այն անձանց, որոնք քվեարկության օրվա նախորդող կես տարվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ:

Ռիսկային է նաև անգործունակ ճանաչված անձանց տվյալները ցուցակում ներառելը, առաջարկվում է դատարանի կողմից անգործունակ ճանաչված, ինչպես նաև գործունակության սահմանափակումը վերացած անձանց տվյալները փոխանցել լիազոր մարմին, որպեսզի վերջինս դրա հիման վրա ներառի կամ չներառի այդ անձանց տվյալները ընտրողների ցուցակում:

Տեղաշարժման խնդիր ունեցող անձինք, փոփոխությունների դեպքում, կկարողանան իրենց նախընտրած ընտրատեղամասերում քվեարկություն կատարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր տեղամասերն են հարմարեցված տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ