Գյումրեցի պատանիները սովորում են թռչող մոդելներ պատրաստել ու կառավարել

Պատերազմող երկրին ինժեներական միտք է պետք, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է շատ արդյունավետ լինել ժամանակակից ռազմարդյունաբերության համար:

2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո Գյումրիում բացվեց ավիամոդելային խմբակ, որն ի սկզբանե ռազմական իրավիճակներում կիրառվող թռչող սարքերի նախագծման և պատրաստման համար էր: Անցած 4 տարիների ընթացքում հեռակառավարվող թռչող սարքերի բազմաթիվ մոդելներ են պատրաստել:

Դրանք ռազմական գործողություններում չեն կիրառել, բայց ապրիլյանից մինչ սեպտեմբերյան պատերազմ ընկած ժամանակահատվածում գլխավոր հաջողությունը, որը ներկայացնում են, խմբակում սովորող երեխաներն են, որոնցից յուրաքանչյուրը ապագա օդաչու և ավիակոնստրուկտոր է:

«Նախագծել , պատրաստել ու փորձարկել ենք անօդաչուների մոդելներ: Առաջին մոդելը փորձարկումներն անցել է, կարող է թռչել 1 ժամ 40 րոպե, բաց բեռ իր հետ չի կարող տանել, քանի որ ի սկզբանե նպատակադրված է եղել նկարահանումների համար»,- ասել է Գյումրիի ավիամոդելային խմբակի տնօրեն Խաչատուր Թադևոսյանը:

Անօդաչու թռչող սարքի մեկ այլ մոդելն արդեն ավելի հզոր շարժիչով է ու նախատեսված է 300-500 գրամ բեռ կրելու համար: Խմբակի ղեկավարն է նշում, անօդաչուների նախագծումն ու պատրաստումն այնքան բարդ չէ, որքան դրանք ճիշտ ու նպատակային կառավարելը: Ռազմական գործողություններում հաճախ անօդաչուների ոչ թե քանակն է կարևոր, այլ այն կառավարող մասնագետը:

«Մենք հասկացանք, որ այս ամենը, ինչ անում ենք , ոչ թե նրա համար է , որ մեկ ամսում, 5 ամսում կամ 5 տարում ունենանք անօդաչու թռչող սարք, այլ մեզ պետք են երեխաներ, որոնք այստեղից սկսելով պետք է գնան համալսարաններ, ավարտեն: Գիտական հենքի վրա պետք է ստեղծվի այդ ամենը, որ մրցունակ լինի»,- ասել է Խաչատուր Թադևոսյանը:

Խմբակի սաները դասապրոցեսի մի հատված էլ համակարգչի դիմաց են անցկացնում: Այն ինչ անում են, առաջին հայացքից համակարգչային խաղ է, իսկ իրականում անօդաչու թռչող սարքերը կառավարելու վարժանք: Թռչող սարքերի տարբեր մոդելները փորձարկել են,դրանք անընդհատ փոփոխությունների են ենթարկում, ավելի ժամանակակից դարձնում: Գյումրիում հիմա 30 պատանի է սովորում թռչող սարքերի նախագծում ու պատրաստում: Առնվազն 30 պատանի ապագա զինվոր է ու պատրաստ է իր ինժեներական մտքերն ու գաղափարները զարգացնել ու ծառայեցնել հայոց բանակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ