Շիրակի մարզում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը նվազել է

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հանրապետությունում նվազում է: Սա վերջին 10 օրերի վիճակագրությունն է: Նույն պատկերն է նաև Գյումրիի բուրժհաստատություններում:

Դեպքերի նվազման միտումը նկատվում է առաջնային բուժօղակից՝ պոլիկլինիկաներից: Հիվանդության ախտանշաններով դիմողների թիվը նվազել է, հետևաբար նվազել է նաև հաստատված դեպքերի, հոսպիտալացվածների, տնային բուժում ստացողների և ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը:

Ըստ այդմ՝ պակասել է բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը: Կորոնավիրուսով հիվանդներին հոսպիտալացնում են ինֆեկցիոն հիվանդանոցի միայն մեկ մասնաշենքում՝ հիվանդների թիվը նվազել է, երկրորդ մասնաշենքի կարիքը էլ չկա:

«Մինչև 102 մահճակալ ունեինք, և հիվանդները շատ էին: Երկու մասնաշենքերում էլ ունեինք հիվանդներ: Հիմա թիվը կրճատվել է և միացնում ենք երկու մասնաշենքերը: Մյուս մասնաշենքը մի քանի ժամում անհրաժեշտության դեպքում նորից կարող ենք ծավալել: Ծանր հիվանդների  թիվը կայուն պահպանվում է: Մոտ 30 հոսպիտալացված պացիենտ ունենք, իսկ առաջ ունեինք 60-ից ավելի: Այսինքն՝ կիսով չափ նվազել է»,-Shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:

Հոսպիտալացված հիվանդների թիվը վերջին 10 օրերի ընթացքում նվազել է: Հիմա Գյումրիի ինֆեկցիոնում Շիրակի մարզից 31 հիվանդ  է բուժվում:

Հիվանդները քիչ են, բայց, ըստ վարակաբանի, հիմնականում ծանր վիճակում գտնվողներն են, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ: Հիվանդների ընտանիքի անդամները, որոնք ինքնամեկուսացման ցուցում են ունեցել, բայց ախտանիշներ չեն ունեցել, ստուգելու համար արդյոք վարակակիր եղել են, թե՝ ոչ, դիմում են իմունաֆերմենտային հետազոտություն անցնելու համար: Սա այն սարքն է, որը հնարավորութուն է տալիս ճշգրիտ որոշել վարակիր եղել են, թե ո,չ և արդյո՞ք ունեն հակամարմիններ: Մոտ 40 մարդ է այս հետազոտությունը անցել ինֆեկցիոն հիվանդանոցում:

Ինֆեկցիոնում հոսպիտալացվում են միայն դրական թեստավորմամբ ու ծանր հիվանդները, որոնց հիմնականում ուղեգրում են պոլիկլինիկաներից: Առաջնային բուժօղակում էլ թվերը նվազման միտում ունեն:

«Վերջին 10 օրերին նկատվում է հիվանդության նահանջ: Եթե մինչև հուլիսի 12-ը մենք ունեինք օրական 20-30 դիմողներ, որոնց մեծ մասի մոտ հաստատվում էր COVID 19-ը, ապա հիմա օրական դիմում է 4-5 քաղաքացի, բայց ես իմ տեղամասում, իմ շրջապատում գիտեմ մարդիկ, որոնք հաստատ համոզված են, որ հիվանդությունն ունեն, բայց չեն դիմում: Կողքից նայում են, թե ով ինչով է բուժվել, ու այդ քաղաքացիները չեն դիմում: Բայց չգիտեմ թվերի նվազումը դրա հետ է կապված, թե իրոք հիվանդությունը նահանջեց»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է «Միջազգային Կարմիր Խաչի անվ. պոլիկլինիկա»-ի ընտանեկան բժիշկ Անահիտ Սանդրոսյանը:

Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Բայց բժիշկները սա իրական պատկեր չեն համարում։ Շատերն ախտանիշներ ունեն, բայց թեստավորում չեն անցնում, չեն էլ դիմում թեկուզ առաջնային օղակին ու պաշտոնական թվերի մեջ չեն արտացոլվում:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ ծառայությունում էլ վիճակագրությունը նվազում է: Հուլիսի կեսերին օրական, ըստ տնօրենի, մինչև 15 հիվանդների էին թեստավորում, որոնց հիմնականի պատասխանը դրական էր, հիմա օրական 3 կամ 4 հիվանդների են ընդունում: Առանձին դեպքերում էլ տնային բուժում ստացողներն են հիվանդանոցներ տեղափոխվում, արդեն՝ հիվանդության ավելի բարդացված փուլում:

«Մեր ռեանիմացիոն հիվանդներն են շատացել: Թեստի պատասխանը բացասական է, սա շատ դեպքերում խոսում է տնային պայմաններում ստացած բուժման մասին , որը չի նպաստում ճիշտ պատասխան ստանալուն: Թեստը ցույց է տալիս բացասական, բայց փաստացի, թոքերի ախտահարումից տեսնում ենք, որ ոչ սպեցիֆիկ թոքաբորբ է՝ բնորոշ վիրուսային հիվանդությանը: Ցավոք, այդ հիվանդները շատացել են»,-Shantnews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Ամեն դեպքում ընդհանուր պատկերում վիրուսի տարածումը նահանջում է: Սա բժիշկները հակահամաճարակային կանոնները պահելու արդյունք են համարում: Միևնույն ժամանակ նշում են, որ վիճակագրությունը կշարունակի նվազել, եթե այդ կանոններին բոլորը շարունակեն ավելի պատասխանատու վերաբերվել: Սա աշխարհի շատ երկրներում համավարակը հաղթահարելու փորձված տարբերակն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ