Մոսկվայում ծեծկռտուքների մասնակից հայերի ու ադրբեջանցիների մուտքը ՌԴ կկասեցվի 5 տարով

Մոսկվայում վերջին օրերին ազգայնական հողի վրա իրականացված ծեծկռտուքների բոլոր մասնակիցները օտարերկրացիներ են: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքից: Հայտնվում է նաեւ, որ նրանց բոլորին սպառնում է Ռուսաստանի տարածքից վտարում:

НТВ-ն հայտնում է, որ շարունակական բախումների ու ծեծկռտուքների մասնակիցների թվում ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ադրբեջանի 34 քաղաքացի է ձերբակալվել: Նրանց մեծ մասի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել մանր խուլիգանության հոդվածով, սակայն առնվազն 3 մարդու համար քննիչները կալանավորման միջնորդագիր են ներկայացրել: Նրանց վերագրվում է խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ կազմակերպված նախնական համաձայնությամբ: Այդ տղամարդկանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ընդ որում, ՆԳՆ-ից մանրամասնել են, որ բոլոր ձերբակալվածները, բացի սահմանված պատիժներից, վտարվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքից:

«Բոլոր օրինախախտների նկատմամբ, բացի օրենքով նախատեսված պատժամիջոցներից, կկիրառվեն ՌԴ տարածք մուտք գործելու ժամանակավոր արգելքներ: Այդ օտարերկրացիների համար ՌԴ մուտքը փակ է լինելու 5 տարով»,-հայտարարել են ՆԳՆ բաժանմունքից:

Հիշեցնենք, ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բախումները, միմյանց վրա հարձակումները հիմնականում եղել են հուլիսի 23-ին եւ 24-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Հարձակումների են ենթարկվել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հաստատություններ՝ խանութներ, ռեստորաններ, կրպակներ: Հարձակման ենթարկված ռեստորաններից մեկի դրամարկղից անհետացել է 50 հազար ռուբլի, այս կապակցությամբ գործ է հարուցվել ավազակային հարձակման փաստով:

Հիշեցնենք նաեւ, որ ձերբակալվածների մեծ մասը ադրբեջանցիներ են: Հայերի շրջանում կան ծեծի հետեւանքով կոտրվածքներ ստացած 2 երիտասարդներ եւ մեկ դանակահարված:

Համացանցում միջադեպերի կադրերով տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք մեծ մասամբ, հիմնականում հպարտանալու համար նկարահանել են հենց ադրբեջանցիները: Նրանք եղել են բժշկական դիմակներով, հայտարարել են, որ Ղարաբաղն իրենցն է, հայհոյանքներ հնչեցրել ու ծեծելուց հետո արագ փախել: Նրանք հարձակվել են 10-15 հոգանոց խմբերով առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել են հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները:

ՌԴ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները հատուկ գործողությամբ բերման ենթարկել այդ գիշեր Մոսկվայում հայերի վրա կատարված հարձակումների մասնակից ադրբեջանցիներին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը եւ այլ կառույցներ տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաեւ սադրանքների այլ փորձերի մասին:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարել է, որ այնտեղ եւս արձանագրվել են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Հայերի վրա ադրբեջանցիների կողմից հարձակման փորձեր են եղել նաեւ Վրաստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ