«Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի». եռյակների մայրիկ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հուլիսի 23-ին գրառում էր արվել դպրոցի Facebook-յան էջում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է երեխաների մայրիկի` Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Հեղինե Գրիգորյանի հետ։

Այն մասին, որ իրենք եռյակ են ունենալու, երիտասարդ ծնողներն իմացել են հղիության 5-րդ շաբաթվա ընթացքում։

«Բժիշկն ասաց, որ 3-ն էլ մեզ հետ են։ Մենք սկզբում չհասկացանք, թե ում ի նկատի ունի բժիշկը։ Բայց երբ հասկացանք, որ եռյակ ենք ունենալու, չէինք կարողանում հավատալ մեր երջանկությանը»,- ասաց Հեղինեն։

Նա նշեց, որ հղիությունը լավ է ընթացել, սակայն քանի որ եռյակ է, ծնվել են 33 շաբաթականում։

Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով, քանի, որ Հայաստանում եռյակի ծնունդը բնական ճանապարհով չի ընդունվում։

Տղաները ծնվել են 1,7 և 1,9 կգ քաշով և 43 ու 44 սմ հասակով, իսկ աղջիկը՝ 1,5 կգ քաշով և 41 սմ հասակով։ Փոքրիկների անուններն են Ալեքս, Արեն և Ռոզա։ Աղջնակին անվանել են իր տատիկի հիշատակին։

«Հույս ունենք, որ նա իր տատիկի գործը կշարունակի։ Նա Տավուշում հայտնի գրող է եղել՝ Ռոզա Վիրաբյանը»,- ասաց Հեղինեն։

Նա նշեց, որ, ցավոք, տատիկը մահացել է երեխաների մասին լուրը իմանալու օրը։

Այն հարցի, թե արդյոք պատրաստվում է կրկին մայրանալ, Հեղինեն պատասխանեց, որ եթե Աստված շնորհի այդպիսի հնարավորություն, ապա ինքը երջանիկ կլինի, քանի որ երեխաներից լավ բան չի կարող լինել։

Երիտասարդ մայրիկը նշեց, որ իր համար անսպասելի էր նման արձագանքը երեխաների ծնվելու լուրի վերաբերյալ։

«Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի»,- ասաց նա։

Այն հարցին թե արդյոք աջակցության որևէ սպասում ունեն, Հեղինեն պատասխանեց, որ իրենց համար կարևորը իրենց բալիկների առողջությունն է։

«Մենք երիտասարդ ընտանիք ենք, ինչ–որ պետք լինի, մեր փոքրիկների համար կանենք»,- նշեց նա։

Նշենք, որ Հեղինեն երեխաների հետ գտնվում է Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում։ Բոլորի ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ