Քոչարյանի դատավճիռը ժողովուրդը վաղուց է կարդացել, պարզապես ալբանացին հայերեն չի հասկանում․․․

Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց հետաձգվեց և նշանակվեց հունվարի 21-ին։

Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որը նշել էր, որ գտնվում է անհավասար պայմաններում։ Ի՞նչ անհավասար պայմանների մասին է խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ անհավասար պայմանների մասին խոսք անգամ չի կարող լինել։

Եթե անգամ խոսք էլ գնա, ապա դա կվերաբերվի տուժողներին կամ նրանց իրավահաջորդներին, որովհետև, անկախ նրանից, թե ով ում շահերն է պաշտպանում, տակտի զգացում գոյություն ունի, զոհերին հարգելու պարտավորություն գոյություն ունի։ Անցյալ դատական նիստին Միհրան Պողոսյանը բացարձակապես ցինիկ արտահայտություն արեց, ասելով, որ փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որոնց մարտի 1-ին հետևեցին ինչ-որ իրադարձություններ։ Ինչ անհավասար պայմանների մասին կարող է խոսք գնալ, եթե որևէ մեկը, որն իրեն համարում է հայ ազգի ծնունդ՝ անկախ նրանից, թե նա փաստաբան է, մեղադրյալ է, ամբաստանյալ է, դատավոր է, Մարտի 1-ի այդ սահմռկեցուցիչ հանցագործություններին ասում է՝ «ինչ-որ իրադարձություններ»։

Իրեն փաստաբան համարող անձը, եթե չգիտի, թե երկրում ինչ է տեղի ունեցել, ուրեմն այո, իրականում մենք գտնվում ենք անհավասար պայմաններում։ Թերևս միայն մանկապարտեզի երեխաները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Նախ նշեմ, որ մեր կողմից ոչ ոք նման ցինիկ արտահայտություն չի արել»։

Մտահոգություններ կան, որ այս դատական գործընթացը շատ երկար տարիներ կտևի՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը և ձգձգելու այդ մարտավարությունը։ Ի՞նչ կարծիքի եք․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Բնականաբար, արդեն իրավունքի չարաշահում է տեղի ունենում։ Տեսեք, մի քանի փաստաբաններ կան։

Մի օր մեկը կնեղանա, մի օր մյուսը բացարկի միջնորդություն կանի դատարանի շենքի ճարտարապետին, որովհետև ճարտարապետն իրենց դուրը չի եկել ու կասեն, որ ուրիշ նստավայր տեղափոխենք, մի օր կարող է դատավորի տրամադրությունը դուրները չգա և այլն։ Գիտեք ինչ, մնում է, որ սրանք արդեն տուժողներին բացարկի միջնորդություն ներկայացնեն։

Սա գալիս է նրանից, որ ցանկացած ոք, որը հայտնվում է ամբաստանյալի կարգավիճակում, մանավանդ եթե նա գտնվում է կալանքի մեջ, աշխատում է, որ բուն դատաքննությանը շուտ անցնեն, որպեսզի, եթե նա անմեղ է, ապա նրա անմեղությունն ապացուցվի։ Բայց միայն այս ձգձգելը նշանակում է, որ այստեղ լուրջ խնդիր կա, դրա համար էլ չեն թողնում, որպեսզի բուն դատաքննության փուլ մտնի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ