Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հող, ջուր, օդ և կրակ, գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։
Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։
Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։
Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։