«Նախարար նշանակվելուց հետո քունս ու հանգիստս խանգարվել է». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հասարակական կազմակերպությունների ու նախարարի մասնակցությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագիծը: Մասնակիցների թվում է եղել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը, հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում մի խումբ ակտիվիստների հետ դասադուլ և նախարարության դիմաց նստացույց էր անում` պահանջելով նախարարի հրաժարականը:

Պատճառը, ըստ ակտիվիստների, այն է, որ նախագծով նախատեսվում է բուհերի ուսումնական գործընթացում ոչ պարտադիր դարձնել Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայ գրականություն առարկաները։ Ակտիվիստը նախ` մի քանի հարց ուղղեց օրինագծի վիճահարույց դրույթների վերաբերյալ, հետո հարցրեց.

«Հույս ունեմ, որ երեկ հանգիստ քնել եք, որովհետև միայն էսպիսի հանդիպում կազմակերպելու և մեր օրակարգի հարցերը քննարկելու համար 24 հոգի հայտնվեց բաժնում»:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ վերջին շրջանում ընդհանրապես լավ չի քնում, թեև մինչև նախարար նշանակվելն էլ լավ չէր քնում:

«Պատճառն այն խայտառակ ժառանգությունն է, որ կա պետությունում, ինչը հանգեցրեց նաև ապրիլ-մայիսի գործընթացներին, առավել ևս, նախարար նշանակվելուց հետո էդ քունն ու հանգիստը խանգարվել է, քանի որ ծանոթացա նաև օրիորդի ներկայացրած կուսակցության ժառանգությանը»:

Հիշեցնեք՝ երեկ ՀՅԴ երիտասարդները կրկին ԿԳՄՍ նախարարության դիմաց էին, պահանջում էին հանդիպում և քննարկում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպումը չկայացավ, նրանք փորձեցին մտնել նախարարության շենք, սակայն ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց և հեռացրեց երիտասարդներին:

ՀՅԴ երիտասարդներից 24-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել բաժին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ