«Վերնատունը» ակումբ է, որտեղ մարդկանց միավորում է Ռոբերտ Քոչարյան անձը և ատելությունը Փաշինյանի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը:

– Դուք ակնարկում եք նաև «Վերնատան» համաժողովի՞ մասին:

– Այստեղ պետք չէ ակնարկել, բավարար է միայն տեսնել, թե ովքեր էին հավաքված և ինչ թեզեր էին ներկայացնում:

– Ձեզ ծանոթ դեմքեր էին համաժողովին:

– Միայն ինձ չեն ծանոթ, ժողովրդին են ծանոթ: Բավարար է նայել՝ ովքեր են և ինչ են խոսում, և միանգամից հասկանալի է, թե ում է դա պետք և ով է ծախսում գումարներ: Իսկ որ գումարներ ծախսվում են, նրանք այդ մասին չեն թաքցնում, բայց թաքցնում են, թե որտեղից են գումարները: Երբ լրագրողը հարցրեց, թե որտեղից է գումար գալիս, ասում են մեր գործունեությունը թափանցիկ է, գնացեք բանկ և տեսեք: Իսկ բանկը փակ համակարգ է, եթե ոչ մի թաքցնելու բան չունեն, թող ասեն, թե որտեղից է գալիս գումարը: «Վերնատունը» իրեն հայտարարել է որպես ակումբ:

Այս դեպքում ակումբի տարբերությունը կուսակցությունից այն է, որ հասարակությունը որևէ ձևով մասնակցություն չունի: Ակումբը ընդհանուր շահեր կամ նպատակ ունեցող մարդկանց հավաք է, մի տեղ հավաքվում, խոսում են: Այն պահից, երբ նրանք կդառնան հասարակության կողմից աջակցություն ունեցող մարդիկ և կգրանցվեն ու ընտրություններին կմասնակցեն, կդառնան կուսակցություն: «Վերնատունն» առայժմ ակումբ է: Ես փորձեցի հասկանալ, թե ինչն է նրանց միավորում, դա ես փորձում եմ անել ոչ թե որպես իշխանության ներկայացուցիչ՝ պատգամավոր, այլ որպես փորձագետ-վերլուծաբան՝ առանց վիրավորելու, առանց անձնական համակրանքը կամ հակակրանքը ցույց տալու, և հականալի է դառնում, որ այդ մարդկանց միավորում է Ռոբերտ Քոչարյան անձը և ատելությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Այդ ատելությունը երևում է նրանց հայտարարությունների մեջ, աչքերում, հայացքներում, ելույթների մեջ: Դա լավ չէ, երբ որ մարդիկ հավաքվում են ատելության շուրջ, դա հեռանկար չունեցող և չարություն բերող հանգամանք է: Նրանց համար Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, այլ այն Նիկոլն է, որին ժամանակին հալածում էին, ձեռք էին առնում և թույլ չէին տալիս, որ արտահայտվի, բանտ էին նետում:

Եվ հանկարծ այդ Նիկոլն այսօր ժողովրդի կողմից համակրանք է վայելում, Հայաստանն է ներկայացնում, խոսում է և իրեն լսում են, որպես հավասարը հավասարի խոսում է աշխարհի տարբեր երկրների նախագահների հետ: Եվ նրանք չեն կարող պատկերացնել դա. Հայաստանը գնում է առաջ թե՛ ժողովրդավարական տեսակետից, թե՛ ընդհանրապես աշխարհի գործընթացներում, և այս ամենը տեղի է ունենում առանց իրենց, այդ ամենն անում է մի մարդ, ում իրենք ժամանակին հալածում էին: Նրանց համար սա շատ մեծ հարված է: Ինձ թվում է՝ երկարատև չի կարող լինել այս պրոցեսը:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ