Ղազախստանում զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի ալիքները քշել են զինվորականներին․ հայտնի է 9 զոհի մասին

Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Կասպից ծովի ալիքներն ափից քշել, տարել են 19 զինծառայողի։ Հաստատվել է 9 զինծառայողի մահը, երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Մյուս զինծառայողների որոնումները շարունակվում են։ Ուժեղ քամիներն ու հզոր ալիքները խոչընդոտում են որոնողական-փրկարարական աշխատանքներին։

Lada.kz-ն, հղում անելով դեպքի վայրում գտնվող լրագրողին, հայտնել է, որ ջրից դուրս են բերվել ևս երկու զինծառայողի մարմիններ։ Atameken TV-ն հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 12-ի, սակայն աղբյուր չի նշել։ Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը։

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օգնություն տրամադրել զոհվածների ընտանիքներին: Սեպտեմբերի 25-ը Ղազախստանում համազգային սգո օր է հայտարարված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ