![]()
Ինչպես արդեն տեղեկացրել էինք , հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։
Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ դեպքի մասին իմացել են առավոտյան։ Ամուսինները եղել են համագյուղացիներ: Միշան մոտ մեկ տարի է՝ ինչ Կրասնոդարում փոքր բիզնես էր հիմնել, խանութ բացել։
«Խելոք, շնորհքով երիտասարդ էր, գնում – գալիս էր գյուղ, կինն ու երեխաները մեկ շաբաթ առաջ էին գնացել նրա մոտ՝ ամառային արձակուրդները միասին անցկացնելու և հանգստանալու համար», – փոխանցել է համայնքի ղեկավարը։
Ըստ համայնքապետի ունեցած տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ուշ գիշերին, իսկ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն։
«Իմացել ենք, որ ինքնավթար է տեղի ունեցել, ճանապարհից դուրս է եկել ու մեքենայով հարվածել ծառին։ Հայրը տղայի հետ մինչև գիշերը 01:30 խոսել է, երևի դրանից հետո են վթարի ենթարկվել»,- ասել է Մովսես Մովսիսյանը, ով փոխանցել է նաև, որ վթարված մեքենան Միշայի հայրն էր մի քանի ամիս առաջ Հայաստանից գնել, տարել Կրասնոդար, թողել տղայի մոտ ու վերադարձել։
Համայնքի ղեկավարը նշել է, որ ամբողջ գյուղն է ցնցված կատարվածից, երիտասարդ ընտանիքի բոլոր անդամները զոհվեցին, կինը չէր աշխատում, երեխաների խնամքով էր զբաղված, մեծ երեխան դպրոց էր գնում։ Հիմա Կրասնոդարում գտնվող հարազատներն ու համագյուղացիները զբաղված են դիերը Հայաստան տեղափոխելու գործերով, ասել են՝ վաղն առավոտյան 04.00-ին մարմիններն էլ կլինեն գյուղում։
![]()
![]()