![]()
«Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայտարարել է, որ ՌԴ-ն ռազմավարական գործընկեր չէ, այլ հայտարարել է, որ ՌԴ-ի նախկին դերը ներկայումս փոխվել է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն հատուկ փոխհարաբերություններ, բայց դա որպես ռազմավարական դաշնակցություն այլևս չի կարելի բնորոշել, որովհետև ռազմավարական դաշնակցությունն այլ տրամաբանություն էր պահանջում, ինչից ՌԴ-ն հրաժարվեց:
Անդրադառնալով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին՝ Ղևոնդյանը նշեց. «Ռուսաստանի ժողովրդի շահերը նույնիսկ Ռուսաստանի ղեկավարության շահերի հետ չի համընկնում, Պեսկովի հայտարարություններին պետք է որոշակի վերապահումով մոտենալ, մենք տեսնում ենք, թե ինչ է անում Ռուսաստանի իշխանությունը ռուս ժողովրդի հետ: Կան որոշակի ուղղություններ, որտեղ հայ ժողովուրդն ունի շահեր, որոնք կարող են համընկնել ռուս ժողովրդի շահերի հետ, դրանք այն կետերն են, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը պարտավոր են համագործակցել: Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններն այլևս Ռուսաստանի ազդեցության մասով չեն ընդլայնվում, իսկ այլ երկրների հետ ազդեցության մասով ընդլայնվում են, դրա արդյունքում Ռուսաստանի ազդեցության տոկոսը նվազում է: Քանի որ նախկինում ամեն ինչ դրված է եղել մեկ զամբյուղի մեջ, հիմա ավելանում են այլ զամբյուղներ»:
Քաղաքագետի կարծիքով՝ երկու կողմից էլ հռետորաբանությունը որոշակիորեն սրվել է. «Հայաստանի իշխանությունը փորձում է շատ ավելի դանդաղ, ավելի մեղմ գործողություններ իրականացնել՝ որոշակի հետ քայլեր կատարելով, Ռուսաստանն էլ այս ֆոնին դեռևս հույս ունի, որ կկարողանա արգելակել Հայաստանի կողմից դիվերսիֆիկացման գործընթացները, հուսով եմ՝ ՌԴ-ի մոտ չի ստացվի: Պետք է Հայաստանը կարողանա կախվածությունները մի փոքր նվազեցնել, իհարկե, գործընթաց տեսնում ենք, բայց լավ կլիներ համակարգված աշխատել այդ ուղղությամբ, ՀՀ-ն պետք է իր գործողությունները պլանավորի և իրականացնի անկախ նրանից, թե Մոսկվայից ինչ աստիճանի սուր հայտարարություններ են գալիս»:
Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարության մասին, թե չեն ուզում ավելի թեժացնել իրավիճակը՝ Ղևոնդյանն ասաց. «Հայաստանի իշխանության խնդիրն է ոչ թե թեժացնել իրավիճակը, այլ պաշտպանել ՀՀ շահերը՝ անկախ նրանից դա կբերի իրավիճակի թեժացման, թե չի բերի, եթե հնարավոր լինի այդ շահերը պաշտպանելու մեջ որևէ հետքայլ չանել, իհարկե լավ կլինի, թեև ես կարծում եմ, որ չկա նման տարբերակ: Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ հավանաբար կսկսեն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց, եթե չսկսեն՝ չի թեժանա, բայց հայ ժողովրդի շահը պահանջում է, որ անկախ նրանից կթեժանա, թե ոչ՝ սկսեն»:
Հարցին, թե հարաբերությունների թեժացման պարագայում ինչ մարտահրավերների կարող է բախվել ՀՀ-ն՝ Ղևոնդյանը նշեց. «Ռուսաստանը կարող է սահմանափակել այլ ապրանքների ներմուծումը ևս, կարող է ՀՀ-ում գործող ռուսական կապիտալով ընկերություններին զրկել կապիտալից, գազի գինը կարող է բարձրանալ, բայց նշված բոլոր տարբերակների դեպքում էլ ՀՀ-ն այլընտրանքներ ունի, որոշ իրավիճակներում կարող է ՀՀ-ի համար խնդիրներ առաջանալ, բայց դրանք կառավարել կարող ենք: Այնպես չէ, որ որևէ զարգացման դեպքում ՀՀ-ն կկանգնի կործանման կամ կոլապսի առջև: ՀՀ-ն ունի հնարավորություններ գազի շուկան դիվերսիֆիկացնելու, կա Իրանը, Թուրքմենստանը, ի վերջո կա նաև Ադրբեջանը, մնացած ուղղություններով էլ ավելի հեշտ կլինի կառավարել իրավիճակը»:
Ինչ վերաբերում է այսօր սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Ղևոնդյանն ասաց. «Քննարկվելու է Հարավկովկասյան երկաթուղիների կոնցենսիայի այլ երկրին վաճառքի կամ հետվերադարձի հարցը, ինչն առանցքային է և դրա շուրջ խոսակցությունը կձևավորվի՝ անկախ նրանից, թե Պուտինն ինչ կցանկանա քննարկել: Ինչ վերաբերում է այլ հարցերի, որոնք Պուտինը կցանկանա քննարկել, հուսով եմ, որ ՀՀ վարչապետը կպատասխանի, որ այդ հարցերը Հայաստանի ներքին գործն են և դրանց վերաբերյալ Երևանում որոշումներ կկայացնեն»:
![]()