Հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է՝ բացառությամբ մի քանի շենքի. ՀԷՑ

ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ մարվել է։ Այդ մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Նշվում է, որ ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

ՀԷՑ-ը հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:

Նաև նշվել է, որ հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել բազմաթիվ հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ