![]()
Այս պահին Հայաստանի ազգային շահերը համապատասխանում են ԱՄՆ-ի գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի հետ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագրի խզման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադառնալով Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարմանը՝ նշել էր, որ Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։ Վարչապետը հայտարարել էր, որ դրա համար ռուսական կողմին խնդրում են կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի։
Ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանում 2020 թվականից հետո տեղ գտած զարգացումների համատեքստում համադրում կա նաև Եվրամիության շահերի հետ:
«Այս համադրումները մեզ համար ամենակարևորն են, քանի որ 2007 թվականից սկսած, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մյունխենում հնչեցրեց իր հայտնի ճառը, հստակ դարձավ, որ մեր շահերը Ռուսաստանի հետ չեն համապատասխանում: Սա ոչ լավ է, ոչ էլ վատ, սա փաստ է, որի հետ մենք ուղղակի չենք կարող հաշվի չնստել: Ցավոք մեր երկրի ղեկավարները երկար տարիներ հաշվի չեն առել այս հանգամանքը, որը հանգեցրեց Արցախում տեղի ունեցածին, որ այն այլևս հայկական չէ»,-ասաց Ստեփանյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է հիմա կայացվում ու բարձրաձայնվում երկաթգծի կոնցեսիոն պայմանագրի լուծարման մասին որոշումը, քաղաքագետը նշեց, որ այդ անհրաժեշտությունը առաջացել է 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը:
«Այդ փաստաթղթերը ենթադրում են մեր տարածաշրջանը վերաբացել ամբողջ աշխարհի համար, որպեսզի այն կոմունիկացիաները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո մեր տարածաշրջանում չէին գործել Ղարաբաղի հակամարտության պատճառով, սկսեն վերագործարկվել ու նորից աշխատել: Այսինքն մեկ տարի է ինչ այս գործընթացը գնում է»,-ասաց Ստեփանյանը:
Ըստ քաղաքագետի երկաթգծի մասին հայտարարությունները հնչում են հիմա, որովհետև Ռուսաստանը ներկա պահին է փորձում է տորպեդահարել տարածաշրջանի վերաբացման գործընթացը:
«Մոսկվայում կարծում են, որ այսպիսի դիրքորոշումը ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հերթական կոնֆրոնտացիոն փուլը: Այս համատեքստում սա իսկապես իրենց շահերից չի բխում, բայց սա չի նշանակում, որ այն չի բխում նաև Հայաստանի շահերից, որը ինչպես նշել էր վարչապետը արդեն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ: Բոլորին է հայտնի թե, որն է այս տրանսֆորմացիաների պատճառը. դա Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պահվածքն է ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ»,-ասաց բանախոսը:
Ըստ քաղաքագետի այժմ ընթանում է գլոբալ հակամարտություն և այդ հակամարտության մի մասը ընթանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որի վառ օրինակը չնայած այժմ դրսևորվում է Ուկրաինայում, սակայն բացառություն չեն նաև այլ տարածաշրջանները, այդ թվում և Հարավային Կովկասը:
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ն օգտագործելով Ռուսաստանի հերթական սխալը, որը թույլ տվեցեցին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայաթափման ընթացքում կանգնելով Ադրբեջանի կողմում, Վաշինգտոնը միանգամից այս սխալները օգտագործեց Ռուսաստանի դեմ: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա և Մոսկվան այն այլևս չի կարող օգտագործել Երևանի ու Բաքվի դեմ իր հատուկ կարգավիճակը տարածաշրջանում պահպանելու համար, ամերիկացիները մի անգամից դա օգտագործեցին և հիմա փորձում են Ռուսաստանին վերջնականապես դուրս մղել այս տարածաշրջանից»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է Ռուսաստանը արձագանքել երկաթուղու հետ կապված խնդրին՝ հաշվի առնելով վերջերս Մոսկվայից հնչող բավականին կոշտ դիրքորոշումները, Ստեփանյանը նշեց, որ այս դեպքում կա երկու սցենար: Դրանցից առաջինը, ըստ քաղաքագետի, 400 մլն դոլար փոխհատուցման դիմաց պայմանագրի խզումն է, որը կնշանակի փաստացի ողջամտորեն ընդունել տարածաշրջանում ձևավորված իրողությունները, մյուսը՝ Հայաստանի կողմից պայմանագիրը միակողմանի խզելու տարբերակն է, որի համար Երևանը բավարար հիմքեր ունի, քանի որ պայմանագիրը չի կատարվել, կամ կատարվել է մասամբ: Այս դեպքում հավանական կլինի, որ Ռուսաստանը դիմի միջազգային արբիտրաժային դատարանը, որտեղ որոշումը դժվար թե լինի վերջինի օգտին:
«Եթե ապրիորի ընդունենք, որ Ռուսաստանը այստեղ ինչ որ փոխհատուցման իրավունք ունի, որտեղ ես մեծ կասկածներ ունեմ, որովհետև կատարված ներդրումները բավականին կասկածելի են: Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում հայկական երկաթուղին: Այն 18 տարի է ինչ գտնվում է ռուսական կառավարման ներքո, սակայն ունենք 1960-ականների շարժակազմ, ունենք փաստ, երբ այդ 18 տարվա ընթացքում մեկ գծամետր ռելս Հայաստան չի ներկրվել և այլն: Բայց այնուամենայնիվ, եթե ընդունենք, որ Ռուսաստանը ինչ-որ ներդրումներ արել է, ապա 400 միլիոնը այնպիսի թիվ է, որ Ռուսաստանը պետք է վերցնի և հանգիստ ընդունի այդ ամենը: Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ Մոսկվան դրան կգնա»,-ասաց Ստեփանյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առավել ագրեսիվ տարբերակներ չի կարելի սպասել ռուսական կողմից, քաղաքագետը նշեց, որ առավել ագրեսիվ տարբերակը կնշանակի Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով Հայաստանում զորքեր մտցնելը, որն ընդհանրապես հավանական տարբերակ չէ, իսկ Գյումրու 102-րդ ռազմաբազայում առկա ռեսուրսները հնարավորություն չեն կարող տալ Հայաստանի ներսում նման գործողություններ կատարելու համար: «Եթե այդ հնարավորությունն ունենան չեմ կարծում, որ այդ քայլին կգնան»,-ասաց բանախոսը:
Ստեփանյանի խոսքով՝ երկաթուղու վրա վերահսկողությունը անվտանգային համատեքստում Հայաստանի համար լուրջ ձեռքբերում է:
«Հայաստանի անվտանգությունը այժմ, չհաշված բանակը, ապահովվում է երկու հիմնական գործոններով: Առաջինը ԵՄ առաքելությունն է և ԹՐԻՓՓ նախագիծը: Այսինքն այն, որ տարածաշրջանը բացվում է, սա ամենակարևոր դրույթն է: Տարածաշրջանը կարող է բացվել, եթե տարածաշրջանում լինի խաղաղություն: Հետևաբար, որքան ԹՐԻՓՓ նախագիծը կյանքի կոչվի և որքան շուտ երկաթուղին վերցնենք մեր վերահսկողության ներքո և սկսենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկաթուղային կապը բացել, այդ թվում նաև Հայաստանի հյուսիսում և կենտրոնական հատվածում, այնքան շատ մեր անվտանգությունը կբարձրանա»,-ասաց Ստեփանյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ներկա պահին չի քննարկվում հայկական երկաթուղու կապը ԹՐԻՓՓ նախագծի հետ:
«Առավել մեծ նշանակություն եմ տալիս Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղու վերագործարկման երեք հատվածներին: Խոսքը վերաբերվում է Ախուրիկով Թուրքիայի հետ կապին, Երասխով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապին և Տավուշով Ադրբեջանի հետ կապին: Երկաթուղային այս փակուղուց դուրս գալու համար սա որպես տնտեսական նախագիծ ավելի մեծ կարևորություն ունի քան ԹՐԻՓՓ-ը: Սրանք տարբեր նախագծեր են, բայց դա չի նշանակում, որ ժամանակի ընթացքում կարող են չհամդրվել»,-ասաց բանախոսը
Երկաթուղու վրա վերահսկողություն ձեռք բերելու տնտեսական առավելությունների համատեքստում քաղաքագետը բերեց Վրաստանի օրինակը՝ նշելով հարևան երկրի, եկամտային հիմնական աղբյուրը իր տարածքով կատարվող բեռնափոխադրումներն են, ինչը չունի Հայաստանը:
Ստեփանյանի գնահատմամբ, եթե Թուրքիայի հետ Հայաստանը վերականգնի երկաթգծային հաղորդակցությունը, ապա ապրանքների արտահանումը առավել մատչելի կդառնա և փաստացի կլուծի տնտեսական դիվերսիֆիկացիայի հիմնական խնդիրը, որը կապված է ճանապարհների առկայության հետ:
«Սա հնարավորություն կտա կապվել եվրոպական ու հարավում՝ արաբական շուկաների հետ, որտեղ Իրանի տարածքով ինքնաթիռով կատարվող փոխադրումները կարող են կատարվել նաև Թուրքիայի տարածքով՝ երկաթգծի միջոցով»,-ասաց բանախոսը:
Ստեփանյանը նաև չբացառեց, որ կոնցեսիոն պայմանագիրը ռուսական կողմի հետ բարեհաջող խզելու դեպքում այն կարող է հանձնվել մեկ այլ կողմի: «Որքանով տեսնում եմ դա քննարկվող տարբերակ է: Դիտարկվում է նաև Ղազախստանը՝ հաշվի առնելով, որ նախագահ Տոկաևն է պլանավորում գալ Հայաստան»,-ասաց քաղաքագետը: Նա նաև կարծիք հայտնեց, որ եթե քաղաքական որոշում կայացվի, ապա երկաթգծի կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու և երկաթգծի վրա վերահսկողությունը կյանքի կոչելու ողջ գործընթացը կկատարվի մոտավորապես մեկ տարվա ընթացքում:
![]()