Մանկական քմահաճո՞ւյք, թե՞ դանդաղ գործող ական՝ Հայաստանի Եվրաինտեգրման ճանապարհին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու ցանկությունը պարզապես խորհրդարանական աշխատանքի հերթական դրվագ չէ։ Սա քաղաքական ուղերձ է։ Եվ հենց այդ ուղերձն է, որ «Ուժեղ Հայաստանը» պարտավոր է բացատրել։

Ամիսներ շարունակ, հատկապես նախընտրական շրջանում, այս քաղաքական ուժը բավական հստակ դիրքավորում է ունեցել։ Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջնահերթությունը ներկայացվել է որպես Հայաստանի համար անհրաժեշտ ուղղություն, իսկ Եվրոպայի հետ մերձեցման նկատմամբ հնչել են ոչ միայն վերապահումներ, այլև շատ ավելի կոշտ գնահատականներ։ Եվրոպական ուղղությունը ներկայացվել է որպես Հայաստանի անվտանգային խնդիրները չլուծող, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ նոր վտանգներ ստեղծող ճանապարհ։

Այսինքն՝ քաղաքական բանաձևը պարզ էր․ Ռուսաստանը՝ անվտանգություն, Եվրոպան՝ անորոշություն և ռիսկեր։

Բայց այսօր նույն «Ուժեղ Հայաստանը» ցանկանում է ղեկավարել այն հանձնաժողովը, որը զբաղվելու է Հայաստանի եվրոպական ինտեգրման ամենակարևոր խորհրդարանական գործընթացներով։

Ու այստեղ հարցը ոչ թե այն է, թե ով է ուզում ստանալ հանձնաժողովի նախագահի աթոռը։ Հարցը շատ ավելի քաղաքական է՝ ինչո՞ւ է հենց ռուսական ուղղության առաջնահերթությունը շեշտադրած քաղաքական ուժը ցանկանում դառնալ եվրաինտեգրման խորհրդարանական գործընթացի գլխավոր դեմքերից մեկը։

Ի՞նչ են ուզում դրանով ցույց տալ։

Որ իրենց պատկերացումները փոխվե՞լ են։ Որ Եվրոպայի նկատմամբ նախկին քննադատությունն այլևս ուժի մե՞ջ չէ։ Որ Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջնահերթությունը այլևս բացարձակ չէ՞։

Թե՞ «Ուժեղ Հայաստանը» պարզապես փորձում է նոր քաղաքական պատկեր ստեղծել իր շուրջ։

Որովհետև այստեղ խնդիրն արդեն ոչ թե հայտարարությունների և գործողությունների տեխնիկական անհամապատասխանությունն է, այլ քաղաքական վստահությունը։ Եթե Եվրոպան Հայաստանի անվտանգությունը չի կարող ապահովել, եթե եվրոպական մերձեցումը ռիսկային է, ապա ինչո՞ւ պետք է հենց այդ քաղաքական ուղղության խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարի այն ուժը, որը դա ամիսներ շարունակ պնդել է։

Իսկ եթե հիմա «Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի շահերից է բխում, ապա դա պետք է ասի ուղիղ։

Քաղաքական դիրքորոշում փոխելը խնդիր չէ։ Խնդիրն այն է, երբ քաղաքական ուժը փորձում է միաժամանակ պահպանել նախկին ընտրազանգվածի համար իր հին ուղերձները և նոր լսարանի համար ներկայանալ արդեն այլ կերպ։

Սա հատկապես կարևոր է, որովհետև հանձնաժողովի նախագահությունը պարզապես կազմակերպական պաշտոն չէ։ Դա քաղաքական պատասխանատվություն է և ուղերձ։ Այդ պաշտոնը ստանձնելով՝ քաղաքական ուժը փաստացի ասում է՝ «մենք պատրաստ ենք ներգրավված լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի ձևավորման և առաջ մղման մեջ»։

Ուրեմն հարցը շատ պարզ է․ «Ուժեղ Հայաստանը» պատրա՞ստ է դա ասել նաև իր ընտրողին։ Պատրա՞ստ է ասել, որ Եվրոպան այլևս այն վտանգավոր կամ անարդյունավետ ուղղությունը չէ, որի մասին նախկինում խոսում էր։

Պատրա՞ստ է բացատրել, թե ինչ է փոխվել իրենց աշխարհաքաղաքական պատկերացումներում։

Թե՞ այստեղ փորձ է արվում առանց քաղաքական հայտարարության փոխել միայն քաղաքական փաթեթավորումը։ Որովհետև չի ստացվում միաժամանակ երկու տարբեր «Ուժեղ Հայաստան» ներկայացնել։ Մեկը՝ իր ընտրողին, որտեղ Ռուսաստանն է հիմնական հենարանը, իսկ եվրոպական ուղղության նկատմամբ կա խոր անվստահություն։ Եվ մյուսը՝ արտաքին ու եվրոպական քաղաքական միջավայրին, որտեղ նույն կուսակցությունը ցանկանում է ղեկավարել եվրաինտեգրման օրակարգով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը։

Հենց այս հակասությունն է, որ «Ուժեղ Հայաստանը» պետք է բացատրի։ Ինչ է նշանակում այդ պաշտոնը իրենց քաղաքականության համար։ Եթե սա դիրքորոշման փոփոխություն է՝ թող հայտարարեն։

Եթե սա եվրոպական ուղղության նկատմամբ նոր վերաբերմունք է՝ թող ձևակերպեն։ Իսկ եթե ոչինչ չի փոխվել, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ է այն քաղաքական ուժը, որը տարիներ շարունակ թերահավատությամբ է վերաբերվել եվրոպական ինտեգրմանը, այսօր ցանկանում հենց այդ գործընթացի խորհրդարանական ղեկավարումը ստանձնել։ Որովհետև երբ քաղաքական ուժը ստանձնում է որևէ ուղղության գլխավոր խորհրդարանական հարթակը, նա միայն պաշտոն չի ստանում։ Նա ուղերձ է ուղարկում։

«Ուժեղ Հայաստանի» դեպքում այդ ուղերձը դեռ պետք է թարգմանել՝ Ռուսաստանից դեպի Եվրոպա՞ է փոխվում քաղաքական կողմնացույցը, թե՞ պարզապես դանդաղ գործող ական են տեղադրում Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Կամ էլ գուցե ընդամենը մանկական քմահաճույք է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ