![]()
«Երբ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մենք սպասում ենք տրիգերի, որ այդ ժամանակ գնանք գործողությունների, նրա հույսն ու նպատակը հենց դա է, որ ինչ-որ մի պահի կարող է հանկարծ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լարվեն, սահմանային ինչ-որ փոքրիկ միջադեպ լինի, ու այդ ամենն օգտագործելով՝ իրենք դուրս գան փողոց և ժողովրդին իրենց շուրջը համախմբեն՝ հույս ունենալով, թե կհասնեն իշխանափոխության»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Չի լինելու նման բան, այս խաղաղությունը հարատևելու է, և իրենց հույսերը, որ մի օր կարող է այս խաղաղությունը խարխլվել, իրենց այդ երազանքը մնալու են իրենց փորում»,- ասել է նա։
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին՝ Չախոյանն ասել է, որ Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին հենց Հայաստանին է պետք։
«Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևությունը։ Մատի փաթաթան են սարքել, ասում են՝ նոր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չկա, ինչի՞ չկա։ Չկա մի պարզ պատճառով․ ղարաբաղյան շարժման էջը Հայաստանում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ։ Առաջինը մեզ է պետք դա փակել, որովհետև դրանով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու»,- ասել է Չախոյանը:
![]()