ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10 հազար 958 առաջին կուրսեցի

Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։ Այս մասին տեղեկացնում են ԳԹԿ-ից:

Ավելի վաղ բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։

Այսպիսով, 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10 հազար 958 առաջին կուրսեցի՝ բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15859 դիմորդ) 69,1%-ը, և 2026թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22 հազար 205 շրջանավարտ) 49,35%-ը։

Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12 հազար 720 տեղերի 86,15%-ը։

Հիշեցնենք, որ 2021-2025 թվականներին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10 հազար 970։ 2026 թվականին ցուցանիշը շարունակում է լինել կայուն՝ 2021 թվականի համեմատ աճելով շուրջ 13%-ով։

Հատկանշական է նաև 2026թ․ բուհերի ընդունելության հիմնական մրցույթի առաջին և երկրորդ փուլերում ներկայացված դիմում-հայտերի աճը շուրջ 1300-ով։

Հայտագրումների և մասնագիտություն ընտրած դիմորդների թվի աճը վկայում է բարձրագույն կրթական ծրագրերով ուսումնառությունը շարունակելու նկատմամբ հետաքրքրության աճի մասին։

Ստորև, մանրամասն անդրադառնանք բուհական ընդունելության փուլերին և դրանց արդյունքներին՝ նախորդ տարիների ցուցանիշների հետ համեմատությամբ։

Ովքե՞ր և ե՞րբ կարող էին մասնակցել բուհական ընդունելության լրացուցիչ փուլին

Բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլի մրցույթի արդյունքներով չէին ընդունվել հայտագրած մասնագիտությամբ, սակայն միասնական քննություններից ունեն դրական գնահատականներ։

Ի տարբերություն մրցույթի հիմնական փուլի, որում դիմորդը հայտագրում է 1 բուհի 1 մասնագիտություն, լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հավակնելու մեկ կամ մի քանի բուհերի մինչև 6 մասնագիտությունների գծով առկա թափուր տեղերին։ Դիմորդների մասնակցության աճ. բուհական ընդունելության քննություններին մասնակցել է շրջանավարտների 50%-ից ավելին:

Կառավարության կողմից 2026-27 ուսումնական տարվա համար հատկացվել է 12 հազար 720 տեղ, որից 2133-ը՝ պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ, 10 հազար 587-ը՝ վճարովի համակարգում։

Բուհեր ընդունելության հիմնական մրցույթի առաջին փուլում՝ 2025թ․ դեկտեմբերին, dimord.am հարթակում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 12 հազար 447 դիմորդ՝ շուրջ 800-ով ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ․ այս տարի ՀՀ հանրակրթական ուսհաստատությունների շրջանավարտների (22 հազար 205 շրջանավարտ) 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին:

Ընդունելության հիմնական մրցույթի երկրորդ փուլում` 2026թ․ ապրիլի 15-մայիսի 10-ը, dimord.am հարթակում հայտագրվել է 16 հազար 482 դիմորդ (471-ով ավելի, քան նախորդ տարի)։ Նրանցից 15 հազար 859 դիմորդ հայտագրել է բուհ և մասնագիտություն․ 12 հազար 893 դիմորդ հայտագրել է երկու միասնական, իսկ 2897-ը՝ երկու ներբուհական քննություն, ևս 69-ը՝ մեկական միասնական և ներբուհական։

Դիմորդների 97 տոկոսը հիմնական փուլում հայտագրել է պետական, 3 տոկոսը՝ ոչ պետական բուհ։

Հարկ է նշել, որ երկրորդ փուլում հայտագրված դիմորդները հնարավորություն ունեին պահպանելու առաջին փուլի քննություններին ստացած գնահատականները, սակայն նույնիսկ այդ դեպքում dimord.am հարթակով հայտագրումը և բուհի ու մասնագիտության ընտրությունը պարտադիր է:

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում այս տարի ներկայացվել է 28 հազար 929 դիմում-հայտ, ինչը շուրջ 1300-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

Հիմնական մրցույթի երրորդ փուլի շրջանակում էլ նոր չափորոշիչներով փորձարարական միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է Տավուշի մարզի 493 դիմորդ․ նախորդ տարի նրանց թիվը կազմել է 319։ Փորձարարական քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքները նախորդ տարվա համեմատ բարելավվել են։

2025-26 ուսումնական տարվա համար հատկացված ընդհանուր 12 հազար 126 (2142 անվճար և 9984 վճարովի) տեղերին հավակնելու համար 1-ին փուլում քննություն է հայտագրել 11608 դիմորդ, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում՝ 16 հազար 11 դիմորդ. ընդհանուր առմամբ ներկայացվել էր առնվազն մեկ միասնական քննության 27 հազար 619 դիմում-հայտ։ Դիմորդներից 15 հազար 463-ը հայտագրել են և՛ բուհ, և՛ մասնագիտություն։

2024/2025 ուսումնական տարվա համար հատկացվել էր ընդհանուր 16 հազար 37 (2117 անվճար և 13 հազար 920 վճարովի) տեղ, որոնց հավակնելու համար 1-ին փուլում քննություն է հայտագրել 9671, իսկ 2-րդ և 3-րդ փուլերում՝ 11 հազար 785 դիմորդ․ ընդհանուր առմամբ ներկայացվել է առնվազն մեկ միասնական քննության 21 հազար 456 դիմում-հայտ։ Դիմորդներից 14 հազար 242-ը հայտագրել է և՛ բուհ, և՛ մասնագիտություն։

Բուհ ընդունված ուսանողները կազմում են մասնագիտություն հայտագրած դիմորդների շուրջ 70%-ը

Ինչպես նշեցինք, հուլիսի 18-ին հրապարակվել էին բուհերի ընդունելության հիմնական փուլի արդյունքները։ Ըստ ԳԹԿ տվյալների՝ հիմնական փուլով ՀՀ բուհեր է ընդունվել 9885 դիմորդ։ Նրանցից՝

9661 դիմորդ (97,7%) ընդունվել է պետական բուհեր,
224 դիմորդ (2,3%) ընդունվել է ոչ պետական բուհեր,
1876-ը կստանա ուսման վճարի լրիվ փոխհատուցում (որոնց թվում 50-ը կսովորեն նպատակային ուսուցմամբ),
ևս 183 դիմորդ ընդունվել է ՀՀ կառավարության 26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն որոշման 78, 80 և 81 կետերով սահմանված արտոնություններով։
Հուլիսի 30-ին ամփոփվել են նաև բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները, որին դիմած 1294 դիմորդից ընդունվել է 1073 դիմորդ (83.2%-ը պետական, 16.8%-ը ոչ պետական բուհերում)։

Այսպիսով, 2026/27 ուսումնական տարվա համար Կառավարության կողմից հատկացված 12 հազար 720 տեղից ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում համալրվել է 10 հազար 958-ը։ Ընդունված դիմորդները կազմել են մասնագիտություն հայտագրած 15 հազար 859 դիմորդների 69,1%-ը: Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։

2025/26 ուսումնական տարվա արդյունքում ևս բուհ ընդունվածների թիվը (10 հազար 970) կազմել է բուհ և մասնագիտություն հայտագրածների ընդհանուր թվի (15 հազար 463) 70.9%-ը։ 2024/25 ուսումնական տարում մասնագիտություն հայտագրած 14 հազար 242 դիմորդից ընդունվել է 10 հազար 720-ը (75.27%)։

Գերակա ուղղություններով ուսուցման խթանում

Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության խթանման համատեքստում՝ 2026/2027 ուստարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2133 տեղերից 1282-ը (ընդհանուր տեղերի թվի 60.1%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտին:

Գերակա մասնագիտություններով հատկացվող լրիվ փոխհատուցմամբ տեղերի քանակը տարեցտարի աճել է վերջին երեք տարիներին՝ 2025-2026 ուստարվա համար կազմելով 2142 տեղերից ավելի քան 1270-ը (ընդհանուր տեղերի թվի ավելի քան 59%-ը), 2024-2025 ուստարվա համար՝ 2096 տեղերից 1264-ը (ընդհանուր տեղերի թվի 61%), իսկ 2023/2024 ուստարվա համար՝ 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը):

Դիմորդների կողմից առավել պահանջված բուհերն ու մասնագիտությունները

Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Ստորև ներկայացվում է ընդունվածների թվով առաջատար բուհերի տասնյակը, որոնցում գումարային առումով կսովորի բուհ ընդունվածների 84 տոկոսը (համադրելի է 2025թ․ ցուցանիշներին)․

Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը. մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 3 դիմորդ, երկրորդ տեղում ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտությունն է` 2.7 դիմորդ, երրորդը ՌՀՀ «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.5 դիմորդ։ Մեկ տեղի համար 2.3-ական հայտ են ստացել ԵՊԲՀ «Բուժական գործ», ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և ԵՊՀ «Հանրային կառավարում» մասնագիտությունները։

Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։ Լրացուցիչ փուլում ընդունվածների առումով առաջատարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 75 ընդունված դիմորդով։ Առավել պահանջված էին նաև ՎՊՀ «Սերվիս», «Քաղաքագիտություն», «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ», ՃՇՀԱՀ «Տեղեկատվական համակարգեր», ՀՊՄՀ «Կեսաբանություն-Քիմիա», ԵՊՀ «Ֆարմացիա» և ՀԱՊՀ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությունները։

Ոչ պետական բուհերի շարքում լրացուցիչ փուլում առավել թվով ընդունված ուսանող ունեն Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ստոմատոլոգիա» և Հայկական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» մասնագիտությունները (22 և 18 ընդունված դիմորդ)։

Պետության համար գերակա մասնագիտություններով ընդունելության արդյունքները և 2026-2027թթ․ բուհական ընդունելության վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն տվյալներն ամփոփվելուն պես։

Նախորդ տարիների ցուցանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ