![]()
Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում առկա խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Գլխավոր շտաբի պետն անակնկալ այց է կատարել բանակային այդ դիրք և տեսանյութ հրապարակել։
«Պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:
Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
![]()