![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իշխանությունների կողմից ընտրակեղծիքների մասին մեղադրանքներին:
«Ընտրակեղծիքների հետքը գիտե՞ք որն է. դուք եք, որ նստած եք էս դահլիճում, որովհետև ձեր ստեղծած քրեաօլիգարխիկ, ընտրակեղծարար համակարգի պատճառով է, որ հնարավոր է եղել վերագործարկել ինչ-որ չափով այդ համակարգն այս ընտրություններում՝ փող բաժանելու, մարդկանց տեռորի ենթարկելու միջոցով ձայներ հավաքել և հայտնվել խորհրդարանում՝ շարունակելու համար սպասարկել օտարերկրյա շահերը և շարունակելու համար պայքարել նրա համար, որ ձեր ապօրինի գույքը ձեզանից չխլեն:
Հիմա էլ եկել եք, Ծառուկյանի ապօրինի գույքն եք պաշտպանում: Պարո՛ն Քոչարյան, գալիս-խոսում եք, գնում եք ու չեք լսում ձեր ասածի արձագանքները ու ստեղ ասում եք՝ ուրիշ հարթությունում մենք կլուծենք էս հարցը, որ իմ հոր մասին էսպիսի բան եք ասում: Նախ՝ մենք ձեր հոր մասին չենք ասում, մենք ասում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչարյանի, որը, այո, ձեր հայրն է, բայց դուք նրա խմբակցության պատգամավորն եք ու ստանձնել եք այն քաղաքական պատասխանատվությունը ու շարունակում եք այն քաղաքական հետագիծը, որը ձեր հայրն է ունեցել:
Ու հիմա որ ասում եք՝ ուրիշ հարթությունում այդ հարցը կլուծենք, ուրիշ որտե՞ղ: Կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում: Ոնց-որ դա է հարցեր լուծելու ձեր ձևը՝ Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով:
Ո՞ւմ եք դուք ընդհանրապես գժի տեղ դրել»,- ասել է Հովհաննիսյանը՝ դիմելով Քոչարյանին:
![]()