Ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն (Վարդան Հարությունյանը՝ «Գող Բջեն»), քրեական աշխարհում հայտնի Ա.Հ.-ի (Արթուր Հարությունյան՝ «Տեցիկ») և Ս.Պ.-ի («Գոջո») միջև առաջացած մասնավոր հարցը՝ պարտք եղած գումարները չվերադարձնելու հետևանքով առաջացած վեճը լուծելու նպատակով՝ Ա․Հ․-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում Ս.Պ.-ի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար նրան ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել։

Այդ խոսակցությունից հետո՝ Ա․Հ․-ն բռնություն գործադրելով և կտրելով Ս.Պ.-ի մազերը՝ կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ։

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Վ․Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա․Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ