![]()
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 72 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դեղաբանության և կենսաքիմիայի դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Արեգ Հովհաննիսյանը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 15-ին, Երևանում:
1977 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը: 1977 թվականից մինչև 1994 թ. Արեգ Հովհաննիսյանը աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կենսաբանական բաժնի դեղակինետիկայի խմբում՝ որպես գիտաշխատող:
1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
Արեգ Հովհաննիսյանը 1994 թ. հիմնադրել է Հայաստանի առաջին հակադոպինգային ծառայությունը և դարձել երկրի առաջին IAAF-վկայագրված դոպինգ ստուգման սպա։
Եղել է նաև Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի և էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:
2007 թ. Արեգ Հովհաննիսյանին շնորհվել է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան «Դեղաբույսերի մեթաբոլիզմի և դեղակինետիկական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը» ատենախոսության համար, 2013 թվականից կենսաբանության պրոֆեսոր է:
Արեգ Հովհաննիսյանը եղել է «Սպորտային բժշկություն և պրակտիկա» (Ռուսաստան) և «Journal of Plant Science and Phytopathology» (ԱՄՆ) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, ինչպես նաև «Ճանաչված գիտական ընդիմախոսների» միջազգային ասոցիացիայի անդամ (Գերմանիա): 2000 թվականից Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում ՀՀ ներկայացուցիչն է, 2008 թվականից՝ Եվրախորհրդի հակադոպինգային հանձնաժողովի անդամ: 2009 թվականին նշանակվել է ՀՀ ազգային հակադոպինգային կազմակերպության ղեկավար:
2015 թ. Արեգ Հովհաննիսյանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ:
Արեգ Հովհաննիսյանը ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 հակադոպինգային կրթական ծրագրեր, ինչպես նաև Օլիմպիական համերաշխության հիմնադրամի 9 հակադոպինգային կրթական նախագծեր։ Նա դեղաբանության, կենսաքիմիայի և սպորտային բժշկության ոլորտներում հրապարակված ավելի քան 140 գիտական աշխատությունների հեղինակ է, ղեկավարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միջազգային հակադոպինգային կոնվենցիայի» Հայաստանի ազգային հարթակը։
Իր երկարամյա, բեղուն գործունեությամբ Արեգ Հովհաննիսյանը նպաստել է մաքուր սպորտի և արդար մրցակցության արժեքների տարածմանը։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացված կրթական ծրագրերն ու իրազեկման աշխատանքները կարևոր դեր են ունեցել մարզիկների, մարզիչների և սպորտի ոլորտի մասնագետների շրջանում հակադոպինգային գիտելիքների և մշակույթի ձևավորման գործում։ Նրա հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը միջազգային հակադոպինգային համայնքում ամրապնդել և բարձրացրել է իր հեղինակությունն ու դիրքերը՝ դառնալով վստահելի և ճանաչված գործընկեր։
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել Արեգ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական սպորտային ընտանիքին։
![]()