![]()
Եվրոպական հանձնաժողովը Google ընկերության նկատմամբ 890 մլն եվրոյի չափով տուգանք է սահմանել՝ թվային շուկաների մասին օրենքի պահանջները խախտելու համար։
Տուգանքը բաղկացած է երկու մասից՝ 460 միլիոն եվրո՝ Google Search-ում սեփական ծառայություններին առավելություններ տալու համար, և 430 միլիոն եվրո՝ այն սահմանափակումների համար, որոնք հավելվածներ մշակողներին թույլ չեն տալիս օգտատերերին ուղղորդել Google Play-ից դուրս այլընտրանքային, հաճախ ավելի էժան, գնման մեթոդներ ընտրելու, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եվրոհանձնաժողովը Google-ին պարտավորեցրել է 60 օրվա ընթացքում վերացնել խախտումները։ Ընկերությունը պետք է որոնողական համակարգում երրորդ կողմի ծառայությունների ցուցադրման համար ապահովի հավասար պայմաններ, ինչպես նաև հավելվածներ մշակողներին հնարավորություն տա ազատորեն առաջ մղել գնումների այլընտրանքային եղանակները և օգտատերերի հետ գործարքներ կնքել Google Play-ից դուրս։
Հակառակ դեպքում ընկերությանը կարող են սպառնալ լրացուցիչ պարբերական տուգանքներ՝ մինչև համաշխարհային տարեկան շրջանառության 5%-ի չափով։
![]()