![]()
Բնության համաշխարհային հիմնադրամ Հայաստանի կողմից՝ հունիսի 15-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են բեզոարյան այծերի հաշվարկման աշխատանքներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում՝ «Արևիք» ազգային պարկում, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերում, «Արփա» պահպանվող լանդշաֆտում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղում։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։
Բեզոարյան այծերի հաշվառման գործընթացն իրականացվել է Հայաստանի հարավում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հաշվառման գործընթացին մասնակցել են նաև վերոնշյալ կազմակերպությունների մասնագետները։
Հաշվառումները նպատակաուղղված էին նախապես ընտրված հաշվառման տեղամասերում գրանցել բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը։ Ստացված տվյալները կամփոփվեն և կհամեմատվեն նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, հնարավորություն ընձեռնելով գնահատել բեզոարյան այծի պոպուլյացիայի փոփոխություններն՝ Ընձառյուծի ապրելավայրերում։
2002 թվականից WWF Հայաստանը Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է«Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ներառում է ընձառյուծի և վերջինիս որսատեսակների մոնիթորինգը: Ծրագիրը ֆինանսավորվում է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից:
![]()
![]()