![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Շատ կարևորում եմ, որ պետական բժշկական կենտրոնները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը` ունենալով և՛ մրցակցային, և՛ գործընկերային հարաբերություններ` ի շահ պացիենտի առողջության: Այս համատեքստում կարևոր է, որ մեր երկրում գործում է ծառայությունների մատուցման դիմաց հավասար փոխհատուցման մեթոդը»,- նշել է առողջապահության նախարարը:

Ավանեսյանը ծանոթացել է կենտրոնում իրականացված բարեփոխումներին, նորագույն բուժսարքավորումներով վերազինման և բժշկական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրագործման ընթացքին։
Բժշկական կենտրոնի գլխավոր ձեռքբերումներից մեկը վերջերս այստեղ ներդրված ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համակարգն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել բարձր ճշգրտության, նվազագույն միջամտությամբ (մինիմալ ինվազիվ) վիրահատություններ: Դրանցից որոշները ապահովագրությամբ մասնակի փոխհատուցվում են:

Ռոբոտացված համակարգը վիրաբույժին տրամադրում է 3D բարձր կետայնությամբ տեսադաշտ և գործիքների առավելագույն ճկունություն` շնորհիվ 360 աստիճան պտտվող թևիկների։ Փոքր կտրվածքների շնորհիվ պացիենտները զգալիորեն քիչ ցավ են զգում և ավելի արագ են վերականգնվում:
Այս համակարգի շնորհիվ նվազագույնի է հասցված նաև հետվիրահատական բարդությունների հավանականությունը:
Այցի ընթացքում նախարարը շրջել է նաև նորոգված բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի և պացիենտների հետ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում ստեղծվել է հետվիրահատական վերակենդանացման ծառայություն, ներդրվել է հիբրիդ վիրահատարան։
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել նաև ծննդատան նորացված բաժանմունքում, որտեղ առաջիկայում նախատեսվում է ծավալել արտամարմնային բեղմնավորման կենտրոն
![]()