![]()
Ադիս Աբեբա այցի շրջանակում Հայաստանի վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Եթովպիայի հայ համայնքից Սալբի Նալբանդյանի և ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։
Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։
1923 թվականին Ադիս Աբեբայում կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1935 թվականից հետո նույն տեղում բարերար Միհրան Մուրադյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։
Եկեղեցու բացման արարողությանը ներկա է եղել նաև Եթովպիայի կայսրուհի Մենեն Ասֆան, ինչը խորհրդանշել է տեղի հայկական համայնքի կարևոր դերակատարությունն ու հեղինակությունը երկրի հասարակական կյանքում։
Այն Եթովպիայի միակ գործող հայկական առաքելական եկեղեցին է և հանդիսանում է Եգիպտոսի հայոց թեմի կազմում գործող Եթովպիայի հոգևոր հովվության առաջնորդանիստը` մինչ օրս համակարգելով եթովպաբնակ առաքելական հայության (շուրջ 100 անձ) հոգևոր կյանքը:
Տիկին Աննա Հակոբյանը շրջել է եկեղեցում, այցելել դպիրների դասը, տեսել Հայ առաքելական եկեղեցու պատարագի և շարականների հին գրքույկները։ Այցի շրջանակում տիկին Հակոբյանը եղել է նաև եկեղեցուն կից գործող Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև այցելել է համայնքային «Արմենիա» մարզադահլիճ։
![]()