Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություն է ներկայացրել՝ համաձայնություն տալ «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի»,- ասել է Հովակիմյանը։

Նա պարզաբանել է, որ Կարապետյանը գրանցվել է որպես ընտրված պատգամավոր, սակայն պատգամավորական լիազորությունները կստանձնի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահից։ Մինչ այդ, ըստ Հովակիմյանի, դատախազության միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի իրավասության շրջանակում է։

Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։ Համապատասխան որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

«Արմենպրես»-ը փորձել է պարզել, թե քրեական ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը նախատեսում քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ, սակայն Դատախազությունից նշեցին, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ