Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Հայաստանի Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ.Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքները։

Փաստաթղթերով գնորդ է նշվել Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն, հայցվոր կողմի պնդմամբ, գույքի իրական գնորդը եղել է Նատալյա Սերգեյի Ռոտեմբերգը։ Factor TV-ն փորձեց այլ մանրամասներ պարզել Ռոտենբերգի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանից, սակայն նա նշեց, որ այս փուլում գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել կողմը չի ցանկանում։ Գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին, նա այն վարույթ է ընդունել։

Նշված տունը գնվել է 2024 թվականի մարտի 5-ին։ Հիշեցնենք՝ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են հուլիսի 10-ին։ Ավելի վաղ Ռոտենբերգն իրավապահ մարմիններին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, որի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հերքում է բոլոր մեղադրանքները։
Նա նշել է՝ շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել ոստիկանություն։ Զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ