Որտե՞ղ դիմել Շենգեն վիզա ստանալու համար

Ներկայումս Հայաստանում շենգենյան վիզա ուղղակիորեն տրամադրում է տասը երկիր՝ Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Չեխիան, Ռումինիան, Սլովակիան և Ֆրանսիան։

Այս երկրների հյուպատոսություններով Հայաստանում Ֆրանսիան ներկայացնում է Իսլանդիան, Նորվեգիան և Պորտուգալիան։ Գերմանիան ներկայացնում է Բելգիան, Լյուքսեմբուրգը և Շվեդիան։ Իտալիան ներկայացնում է Ֆինլանդիան և Մալթան։ Լիտվան ներկայացնում է Դանիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան և Նիդերլանդները։ Լեհաստանը ներկայացնում է Սլովենիան և Շվեյցարիան։

Կան նաև երկրներ, որոնք Հայաստանի տարածքում վիզաներ չեն տրամադրում:

Օրինակ՝ Ավստրիան շենգենյան վիզաները տրամադրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող իր դեսպանությունից, իսկ դիմումների ընդունման գործընթացն արտապատվիրակված է «VFS Global» կազմակերպությանը՝ Երևանում։

Իսպանիան շենգենյան վիզաները տրամադրում է Մոսկվայում գործող իր դեսպանությունից, սակայն դիմումների ընդունման գործընթացն արտապատվիրակված է «BLS International» կազմակերպությանը՝ Երևանում։

Փոխադարձ ներկայացվածության համակարգը կարող է փոփոխվել, ուստի քաղաքացիները պետք է նախօրոք հավաստիանան, որ դիմում են համապատասխան հյուպատոսություն՝ այցելելով այդ հյուպատոսության պաշտոնական կայք։

Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն իսկ մինչև այցելության («վիզայի հարցազրույցի») օրն ամրագրելը պետք է հստակ իմանան, թե որ հյուպատոսություն են իրենք դիմելու: Ճամփորդության հիմնական ուղղությունը չհանդիսացող երկրի հյուպատոսություն դիմելը տարածված սխալ է և կարող է հանգեցնել ուշացումների կամ մերժման։

Մի շարք երկրներ Հայաստանում դիմումների ընդունման գործընթացն արտապատվիրակում են հետևյալ արտաքին ծառայություն մատուցող կազմակերպություններին (վիզաների կենտրոններին) «VFS Global»՝ Ավստրիա (սպասարկում է վիզաների տրամադրման գործընթացը Թբիլիսիից) և Լիտվա «GVCW Visa Application Center»՝ Հունաստան «TLScontact»՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Չեխիա «BLS International»՝ Սլովակիա և Իսպանիա (վերջինս վիզաների տրամադրման գործընթացը սպասարկում է Մոսկվայից)

Վիզաների կենտրոնները կատարում են

Այցելության օրվա նշանակում
Վիզայի դիմումների և վճարումների ընդունում
Կենսաչափական տվյալների հավաքագրում (մատնահետքեր, լուսանկար)
Անձնագրերի վերադարձ
Վիզաների կենտրոնները վիզա չեն տրամարդում: Վերջնական որոշումը միշտ կայացնում է համապատասխան հյուպատոսությունը։

Կա տարածված թյուրընկալում, որ միջնորդ կազմակերպություններն, օրինակ տուրիստական գործակալությունները, կարող են ազդել վերջնական որոշման վրա, քանի որ «աշխատում են» վիզաների կենտրոնների հետ։ Դա այդպես չէ. վիզաների կենտրոնները չեն կարող օգնել վիզա ստանալու հարցում։

2014թ. ԵՄ և Հայաստանի միջև կնքված՝ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի շնորհիվ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզայի վճարը կազմում է 35 եվրո՝ 90 եվրոյի փոխարեն, որը գործում է բազմաթիվ այլ երկրների համար։ Նույն համաձայնագրով դիմողների որոշակի խմբեր ընդհանրապես ազատվում են այդ վճարից։ Այդ խմբերի ցանկն ընդգրկված է վերոհիշյալ համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ մասում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ